Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեզ համար մեր պատմությունը բեռ չէ. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
G_gfQU9G9jE

Անցյալ տարի Սերժ Սարգսյանը երեք հանդիպում է ունեցել Իլհամ Ալիեւի հետ` համանախագահող երկրների երկու նախագահների եւ մեկ պետքարտուղարի միջնորդությամբ։ Առայժմ հույսեր չկան։ «Որտեղ գրեթե բացահայտ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ ինքը չի ընդունում այն սկզբունքները, որոնք մեզ առաջարկում են համանախագահները»,- արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների տված հարցարույցում երեկ ասել է Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը արտասահմանցի լրագրողներին հիշեցնում է, թե որոնք են խնդրի կարգավորման Մադրիդյան սկզբունքների փաստաթղթի հիմնական կետերը. «Խնդիրը պետք է կարգավորվի առանց ուժի գործադրման, խնդիրը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության եւ խնդիրը պետք է կարգավորվի ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա»։ Համանախագահողները եւ նախագահները համոզված են, որ այս սկզբունքներից որեւէ մեկը չի կարող գերակա լինել մյուսի նկատմամբ,-վստահեցնում է Սերժ Սարգսյանը. «Ադրբեջանը նախ առաջին կետը չի ընդունում խնդրի խաղաղ կարգավորման հետ կապված, որովհետեւ անընդհատ եթե-ներով է խոսում, եւ երկրորդ, ինքնորոշման իրավունքի սկզբունքը չի ընդունում կամ եթե ընդունում է ապա մեկնաբանում է յուրովի եւ հիմա նրանք փորձում են բանակցությունների ձեւաչափը փոխել բանակցությունների կամ բանակցությունները տեղափոխել այլ հարթակներ»։ Այս ամենում Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ մի դրական բան տեսնում է՝ այս տարվա հունվարի սկզբին համանախագահները վերջապես հասցեական հայտարարություն արեցին եւ մատնանշեցին հրադադարի պայմանները խախտողին, նրանք Ադրբեջանին սադրանքներից զերծ մնալու կոչեր արեցին։ Նույն հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններից, փակ սահմաններից. «Ցավոք սրտի, դժվար է բացել այն դուռը, որի բանալին քեզ մոտ չէ»։ 2009-ին ՍերԺ Սարգսյանն է Թուրքիային հարաբերություններ հաստատելու կոչ արել, բայց նրանք հրաժարվեցին արձանագրությունները վավերացնել։ Սերժ Սարգսյանը չի վհատվում՝ ի վերջո դրանք հաստատվելու են առանց նախապայմանների. «Մենք չենք ասում՝ դուք ճանաչեք ցեղասպանությունը, հարաբերություններ հաստատենք»։ Սերժ Սարգսյանն այսօր պարզապես ուզում է, որ Թուրքիայի այսօրվա իշխանությունները չկիսեն Օսմանյան կայսրության իշխանությունների արածը, որովհետեւ եթե կիսում են, ուրեմն մեղսակից են. «Այսօրվա Թուրքիայի իշխանությունները չեն իրականացրել ցեղասպանությունը»։ Անդրադառնալով Գալիոպոլիի ճակատամարտի տոնակարություններին, Սերժ Սարգսյանը դեմ չէ, որ թուրք ժողովուրդը նշի իր պատմության հայտնի իրադարձության տարեդարձը, եթե Գալիոպոլին այդքան էական է, թող նշեն. «Աննորմալ է, երբ որ նրանք խախտում են իրադարձությունների ժամանակագրությունը եւ փորձում են հարմարեցնելով մեկ այլ տարեթվի՝ ուշադրություն շեղել»։ Համենայնդեպս, Գալիոպոլիով Թուրքիան ընդլայնում է ժխտողականության գործիքակազմը։ Բայց Սերժ Սարգսյանն առաջ է նայում. «Մեզ համար մեր պատմությունը բեռ չի, այլ ընդհակառակը՝ առաջ նայելու մեծ շտեմարան»։