Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թուրքիայի տարածքում մեր ժառանգությունը մնում է վտանգված». նախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
nshakuyt-nax

1915թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ թուրքական կողմը որոշ քայլեր է նախաձեռնել` փորձելով իբր պահպանել իր տարածքում գտնվող հայկական մշակութային ժառանգությունը: «Ա1+»-ի հետ զրույցում Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այդ քայլերը բոնորոշեց «թույլիկ». «Նախաձեռնել են վերականգնել Անին, այն մտցնելու ՅՈՒՆԵՍԿՈ-ի` մշակութային ժառանգության ցանկերում, ինչպես նաեւ` միջազգային կառույցների միջոցով փորձեցին ներգավել հայ մասնագետների: Առանձնակի հույսեր չեմ կապում այդ գործընթացների հետ. միգուցե մեկ-երկու, եզակի դեպքեր լինեն, բայց ընդհանուր առմամբ մեր ժառանգությունը շարունակում է մնալ վտանգված Թուրքիայի տարածքում»: Ըստ նրա` այդ մասին իրենք առավել ակտիվ բարձրաձայնում ու խոսում են միջազգային հարթակներում, քանի որ, նախարարի խոսքերով, մարդկային կյանքերի ցավալի կորուստների կողքին խնդիր կա ոչնչացնելու հայ մշակույթը, որպեսզի ժողովրդի հետքերի մասին խոսք չլինի. «Ժամանակի հետ դա ձեռք է բերում աղետալի չափեր: Բոլոր միջազգային հարթակներում մենք առանձնակի ենք խոսում մշակութային ցեղասպանության մասին: Ոչ միայն խոսում ենք, այլեւ ցուցադրական նյութեր ենք ներկայացնում, դասախոսություններով հանդես գալիս: Մենք շատ ճանապարհ ունենք անցնելու` փորձելու ինչ-որ ձեւով պահպանել այդ ժառանգությունը»: