Ազատության հրապարակը փակ կմնա Հիմնադիր խորհրդարանի համար
Հիմնադիր խորհրդարանի անդամների համար Ազատության հրապարակը փակ կլինի նաեւ մայիսի 1-ից մինչեւ 10-ը։ Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ, ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ և 20-րդ հոդվածի 1-ին մասերով, սահմանվել է սահմանափակում այդ օրերին Ազատության հրապարակում հավաքի եւ հավաքի ընթացքում՝ ժ.20.30-22.00 Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վայրի եւ ժամանակի նկատմամբ՝ առաջարկելով հավաքն անցկացնել «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակում՝ իրազեկման մեջ նշված օրը ժ.18.00-22.00, իսկ երթը՝ հավաքի ընթացքում՝ իրազեկման մեջ նշված ժամին՝ «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակից Էրեբունի փողոց-Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց-Ազատամարտիկների փողոց - «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակ երթուղով։ Հիշեցնենք, Երեւանի քաղաքապետարանը արգելել էր նաեւ ապրիլի 24-ին «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին հավաք անցկացնել Ազատության հրապարակում։ Այդ օրվանից հետո որեւէ իրազեկում քաղաքապետարանը չի ընդունում եւ հավաքի ու երթի նկատմամբ սահմանվում է սահմանափակում։