Ես հիացմունքով եմ հայացքս հառում առ հայ ժողովուրդ. լեհ գործիչ
Հայոց ցեղասպանությունն ազգային ողբերգություն է, որը աշխարհի պատմական ժառանգության կարևոր մասը եղավ. այսօր Մարզահամերգային համալիրում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովի ժամանակ հայտարարեց Լեհաստանի ներկայացուցիչ Ռիչարդ Շարլոնսկին՝ ավելացնելով, որ եկել է հարգանքի տուրք մատուցելու հայ ժողովրդին: «Ինձ ծանոթ է այս զգացողությունը, որովհետև 20-րդ դարում իմ ազգը նույնպես Ցեղասպանության ենթարկվեց` բռնազավթիչ Նացիստական Գերմանիայի և Խորհրդային միության կողմից: Նման տառապանք ունեցած մարդիկ հասկանում են տառապանք ունեցած ազգերին ու ժողովուրդներին: Այսօր, երբ անցել է 100 տարի, Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ պետք է բարձրաձայնենք, որ 100 տարի առաջ հայերը մահացան, որովհետև հայ էին, հայերը մահացան քրիտոնյա լինելու պատճառով: Ես հիացմունքով եմ հայացքս հառում առ հայ ժողովուրդ, որ հպարտ է՝ իր հիանալի մշակույթով ու քաղաքակրթությամբ»։ Ըստ լեհ քաղաքական գործչի՝ այս համաժողովը պետք է կոչ լինի համայն աշխարհին, նաև երիտասարդներին, ում ձեռքերում է աշխարհի ապագան. «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ կանգնել ձեր առջև, մեծ պատիվ է միասին հարգանքի տուրք մատուցել նահատակված հայերի հիշատակին և միասնական մտածել Եվրոպայի ապագայի մասին»: Իսկ վերջում նա հայտարարեց. «Երկու բառ կասեմ հայերեն՝ Հայաստան, շնորհակալություն»: