«Թուրքիայի ղեկավարությունը չի կարողանում համարժեք արձագանքել իրողություններին»
«Թուրքիայի ղեկավարությունն այսօր չի կարողանում համարժեք արձագանքել իրողություններին, և Էրդողանի վերջին հայտարարությունը հերթական վկայությունն է»,-համոզված է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը; Հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր. «Ապրիլի 24-ին Հայաստանում հավաքվելու են, իրենք նվագեն, իրենք երգեն: Խոսելու են և վիրավորանքներ են հնչեցնելու Թուրքիայի հասցեին: Մենք էլ նույն օրը հավաքվելու ենք Չանաքքալեում, սակայն մեր օրակարգում Հայաստանը չկա: Ստամբուլում մենք խոսելու ենք աշխարհի խաղաղության մասին, մեր տարբերությունը սա է»: Աղվան Վարդանյանը ակնհայտ է համարում, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրված է այստեղ, այդ թվում և՝ համաշխարհային մամուլի էջերն են ողողված այս թեմայով. «Իսկապես Թուրքիան հայտնվել է դժվարին իրավիճակում: Ակնհայտ է, որ նման վարքագիծը խոսում է իրենց թուլության մասին»; ՀՅԴ պատգամավորի կարծիքով՝ Դավութօղլուի հայտարարությունը, Էրդողանի նախորդ տարվա ուղերձը, իբր թե ինքը ցավում է կատարվածի համար, ընդամենը աշխարհին խաբելու, աշխարհի ուշադրությունը շեղելու հերթական դրսևորումներն են: «Խնդիրը մեկն է. Մինչև չճանաչի, Թուրքիան մնալու է այդ բեռի տակ, և ես խորապես համոզված եմ, որ Ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումն առաջին հերթին անհրաժեշտ է թուրք ժողովրդին՝ իր ինքնությունը գտնելու և ավելի ազատ ժամանակակից աշխարհում ապրելու համար»: Այսօրվա Թուրքիայի առաջին դեմքերի քաղաքականությունը տեսնելով՝ Աղվան Վարդանյանը բացառում է նրանցից որևէ կոնստրուկտիվ քայլ: