Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարկոզին հիշում է Ծիծեռնակաբերդ իր այցելությունը. Politique Internationale

Քաղաքականություն
8d0240f11f15b3c439269bb72aa93264

Համաշխարհային հեղինակություն վայելող «Politique Internationale» քաղաքագիտական հանդեսը, որը հրապարակվում է Փարիզում, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով հրապարակել է 330 էջանոց հատուկ հանդես՝ նվիրելով այն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Հանդեսը կրում է «Հայոց ցեղասպանություն. հարյուր տարի է անցել» խորագիրը։ Այս մասին տեղեկանում ենք հանդեսի կայքէջից։ Հատուկ համարում տեղ են գտել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ «2015թ.` Ցեղասպանության 100-րդ տարելից», Սերժ Սարգսյանի «Այլևս երբեք», Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ «Մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը շարունակում է մնալ հրամայական» և Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ «Հիշատակման պարտավորություն» հրապարակումները։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հոդվածում անդրադառնում է ժխտողական քաղաքականությանը՝ այն համարելով վիրավորանք ժողովուրդների համար։ Այստեղ նա տեսնում է անհրաժեշտություն օրենքի միջոցով կարգավորումներ մտցնելու. «Օրենքը պետք է հասարակությանը պաշտպանի շահարկումներից։ Դա է Ֆրանսիայի դիրքորոշումը ժխտողականության վերաբերյալ… Տարբերություն կա կարծիքների բախման և կեղծարարության, շահարկումների, մարդկության դեմ հանցանքի ժխտման միջև»։ Ֆրանսիայի նախորդ նախագահ Նիկոլա Սարկոզին «Politique Internationale»-ի համարում հիշում է Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր իր այցելությունը՝ այն համարելով իր նախագահության ամենահուզիչ պահերից մեկը. «Փաստը, որ հայ ժողովուրդը վերապրեց այդ արհավիրքը և նորից ոտքի կանգնեց՝ ավելի հզոր ու զորեղ, նախևառաջ իր խիզախության և հանճարի շնորհիվ է»,- նշում է նա: Ավելացնենք նաև, որ «Politique Internationale»-ի բացառիկ համարում հոդվածներով հանդես են եկել ականավոր ցեղասպանագետներ, իրավունքի մասնագետներ, իրավապաշտպաններ՝ Հոլոքոսթի և Ցեղասպանության թանգարանի տնօրեն Իսրայել Չարնին, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիել Ֆեյերշտայնը, ականավոր ցեղասպանագետներ Մարկ Լևինը, Ուիլյամ Շաբասը, Իվ Տերնոնը, Անրի Թերիոն, Յաիր Օրոնը, Թեսա Հոֆմանը, թուրք իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն և այլք։