«Չեմ կարծում, որ Սեֆիլյանի նախաձեռնությունը տեղին կլինի». Վահե Էնֆիաջյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ներքին համոզմունք ունի, որ վաղը Ազգային ժողովի արտահերթ նիստին նախանշված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությունը միաձայն կընդունվի: Ասում է` այս հարցում պետք է միասնական լինել` անկախ կուսակցական պատկանելությունից: Եվ պատահական չէ, որ նախագծի հեղինակը «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանն է, ՀՀԿ-ից Արտակ Զաքարյանն էլ զեկուցողը: Նա նաև հայտնել է, որ ԱԺ կողմից 80 հրավեր է ուղարկվել տարբեր երկրների, 33-ն ընդունվել է: «Սպասելիքներ կան, որ այս հայտարարությունից հետո շատ երկրների կողմից դատապարտող բանաձևեր կընդունվեն»,-շեշտել է պատգամավորը: Պարոն Էնֆիաջյանը կարծում է, որ Ցեղասպանության հարցում բոլոր մասնավոր ու պետական այցերն իրենց նպատակին ծառայում են: «Մեր հայրենակցուհու հայտնի այցից, Հռոմի պապի կողմից պատարագ մատուցելուց հետո մեր երկիրը որոնման կիզակետում է եղել»,-ընդգծել է նա: ԱԺ պատգամավորը չի ուզում կանխատեսել, թե այս տարի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարտասանի Ցեղասպանություն բառը, թե ոչ, բայց շեշտել է. «Օբաման իր նախընտրական արշավին խոստացել էր, որ արտաբերելու է Ցեղասպանություն բառը և հետևողական է լինելու այս հարցում: Կարևոր է այն, որ 46 նահանգ արդեն ընդունել է Հայոց եղեռնը դատապարտող բանաձևեր»: Արդյոք պետք չէր այս տարի Թուրքիային հստակ պահանջներ ներկայացնել: Պարոն Էնֆիաջյանը նշում է. «Մենք մեր երկրի մասին կարծիք ձևավորելու խնդիր ունենք: Կարծում եմ` ճիշտ ճանապարհի վրա ենք: Պետք է նախևառաջ մեզ ճանաչեն դրսում: Եթե հզոր չլինենք, չենք կարող Թուրքիայի հարցում պահանջատեր լինել»: Խոսելով Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունից և նրա՝ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունից, ԲՀԿ խմբակցության քարտուղարն ասել է. «Գործով վկաների խոսքից հետո պարզ կլինի եղելությունը: Անկախ նրանից, թե ինչ քաղաքական համոզմունքներ ունենք, ինչ հայացքներ ունենք, այդ օրով չեմ կարծում, որ Սեֆիլյանի նախաձեռնությունը տեղին կլինի: Մեծ պաշտոնյաներ են մեր երկրում լինելու և ապրիլի 24-ին նման քայլն անընդունելի է»: