Կարեն Դեմիրճյանն այսպիսի Հայաստանում չէր ապրի. Ռիմա Դեմիրճյան (տեսանյութ)
Ազնվություն կյանքում ու քաղաքական գործունեությունում։ Այսպիսին է բնութագրում քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանին, նրա այրին՝ Ռիմա Դեմիրճյանը։
Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է։ Կոմիտասի անվան պանթեոնում, նրա շիրիմին ծաղիկ դնելու համար հավաքվել են հարազատներն ու բարեկամները, քաղաքական ու հասարակական գործիչներ։
Ամուսնու շիրիմի մոտ, այսօր տիկին Ռիման հիշում է նրա ամենահաճախ կրկնվող խոսքերը. «Մեր ժողովուրդը մեղք է , մանկան պես միամիտ է, նրան միշտ խաբել են , իսկ ես չեմ խաբի իմ ժողովրդին երբեք եւ եթե իմ գործունեության ընթացքում մի փոքր բարձրացնեմ ժողովրդի մակարդակը, ես իմ պատմական առաքելությունը կհամարեմ ավարտված», ասում է նա ու հավելում, որ Կարեն Դեմիրճյանը պահեց իր չխաբելու խոստումը՝ երդման նման. «Ասում են, թե քաղաքականությունն ու ազնվությունը անհամատեղելի են, բայց միշտ էլ կան բացառություններ։ Կարեն Դեմիրճյանն այդ բացառություններից էր»։
Կարեն Դեմիրճյանը չհասցրեց կատարել իր առաքելությունը, ցավով նշում է այրին, եթե դեռ ողջ լիներ այսօր մենք այլ Հայաստան կունենայինք. «Մի քիչ ավելի բարեկարգ, բոլորի համար հավասար, այսպիսի բեւեռացում եւ չքավորություն չէր լինի»։
