Մահչուփյանը հեռացվել է Դավութօղլուի խորհրդականի պաշտոնից
Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդական Էթյեն Մահչուփյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Hurriyet պարբերականը նշում է, որ խորհրդականի հեռացման պատճառը նրա տարիքի անհամապատասխանությունն է զբաղեցրած պաշտոնին։ Մահչուփյանը օրեր առաջ հանդես էր եկել հայտարարությամբ, որում Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները անվանել էր ցեղասպանություն։ Հռոմի Պապի հայտնի ելույթին հետևած Մահչուփյանի հայտարարությունում ասվում էր, որ հնարավոր չէ հայերի հետ տեղի ունեցածը չհամարել ցեղասպանություն այն դեպքում, երբ ցեղասպանություն են որակվում Աֆրիկայում և Բոսնիայում տեղի ունեցած դեպքերը։ «Ցեղասպանություն տերմինը հայերի համար ունի ավելի շատ հոգեբանական նշանակություն, քան քաղաքական իմաստ»։,- ասել էր նա։ Hurriyet-ի պնդմամբ, սակայն, մինչ հայտարարությունն անելը Մահչուփյանն արդեն հեռացված է եղել Դավութօղլուի խորհրդականի պաշտոնից։