«Հայոց ցեղասպանությունն առաջինը դատապարտել է հենց Թուրքիան» (տեսանյութ)
«Թեև ժամանակակից Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ Եղեռնի իրողությունը, այնուամենայնիվ, անհերքելի փաստ է, որ Հայոց ցեղասպանությունն առաջինը դատապարտած երկիրը հենց Օսմանյան կայսրությունն է։ Խոսքը վերաբերում է 1919-1921թթ-ին՝ Ստամբուլի ռազմական արտակարգ ատյաններում կայացած երիտթուրքերի դատավարություններին, կամ հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով հարուցված դատական գործերին, որոնք շուրջ 63-ն էին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Մելինե Անումյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության փաստը երիտթուրքական դատավարությունների փաստաթղթերում թեմային։ Վերջինիս խոսքերով՝ 1919-1921թթ-ին, բնականաբար, գոյություն չուներ Ցեղասպանություն տերմինը, այն գիտական շրջանառության մեջ է դրվել 1948թ-ին, սակայն այդ տարիներին տեղի ունեցած դատավարությունները և դրանց ընթացքում ներկայացված մեղադրական եզրակացությունները, կայացված դատական վճիռները , բացահայտորեն ցույց են տալիս, որ Ցեղասպանություն եզրը կարելի է բնորոշել հենց այս դատավարություններում ներկայացված փաստերով։ «Երիտթուրքերի կուսակցության և կառավարության անդամների դատավարության մեղադրական եզրակացությունում, որը բաղկացած էր 41 պաշտոնական հեռագրերից և այլ փաստաթղթերից , շեշտը դրվում է, որ այս հանցագործությունները ի սկզբանե կազմակերպված են եղել, և այդ դատավարություններում էլ շեշտվում էր «տեղահանություն և զանգվածային կոտորածներ»»,-ասաց թուրքագետը։ Նա շեշտում է , որ տեղի ունեցած 63 դատավարություններից ամենակարևորը երիտթուրքերի կուսակցության և կառավարության անդամների դատավարությունն է՝ 1919թ-ի ապրիլի 28-ից մինչ հուլիսի 5-ը տևած, որի ժամանակ ընդունված դատավճռով հեռակա կարգով մահվան դատապարտվեցին Թալեաթը, Էնվերը և Ջեմալը, ինչպես նաև դոկտոր Նազըմը, ովքեր Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուններն էին։ Սրանից բացի տեղի են ունեցել նաև կուսակցության պատասխանատու քարտուղարների դատավարություններ։ «Այս դատավարությունները հնարավոր եղավ իրականացնել հատկապես այն հանգամանքի շնորհիվ, որ այդ ժամանակաշրջանում՝ 1918-ից 1921թթ-ը, թուրքական կառավարության ղեկավարները և այլ պաշտոնատար անձիք հիմնականում ընտրվում էին երիտթուրքական ընդդիմադիր կուսակցությունից, որը կոչվում էր «Ազատություն և համաձայնություն», և այս կուսակցության անդամները, ովքեր հալածվել էին առաջին աշխարհամարտի տարիներին՝ երիտթուրքերի կողմից, առավել հետամուտ էին հայերի տեղահանության և կոտորածների մանրամասների բացահայտման և վերծանման ուղղությամբ»,-նշեց Մելինե Ալումյանը։ Թուրքագետը նաև շեշտում է, որ մինչ 2005թ-ը՝ թուրքական պատմագրությունն աշխատում էր հնարավորինս կոծկել և լռության մատնել այս փաստերը, սակայն թուրք պատմաբան Թաներ Աքչամը, ով ապրում էր Գերմանիայում, այս թեմայով սկսել էր հրապարակումներ անել և գրքեր հրատարակել, նույնը նաև ցեղասպանագետ Վահագն Դադլյանը։ «2005 թ-ից թուրքերը համոզվելով, որ այլևս չեն կարողանում թաքցնել այս դատավարությունների կայացման փաստը, այլ մարտավարություն ընտրեցին՝ սկսեցին փաստերը խեղաթյուրել»։