Լեւոն Հայրապետյանին ներկայացված մեղադրանքները մեղմացվել են
Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանում դատախազության ներկայացուցչի ապրիլի 13-ին արած հայտարարության մասին, համաձայն որի՝ ռուսական «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի յուրացմանը հանցակից լինելու մեջ մեղադրվող արցախցի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ հարուցվածգործն առանձին վարույթ է ընդունվել։ Հայրապետյանին ներկայացված մեղադրանքները մեղմացվել են՝ հետաքննության փաստարկների ապացուցված չլինելու հանգամանքով պայմանավորված։ Այս մասին հայտարարել է գործարարի փաստաբանը, ում խոսքով՝ Հայրապետյանը մեղադրվում է յուրացման մեջ այն դեպքում, երբ նախկինում նրան էր մեղսագրվում նաև «ապօրինի ճանապարհով ձեռք բերված միջոցների օրինականացում»: «Նովոստի» գործակալության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Հայրապետյանին այժմ մեղսագրվում է միայն Իզմեստեւից գումարների յուրացումը։ Լևոն Հայրապետյանը ձերբակալվել էր 2014 թվականի հուլիսի 15-ին՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում։ 65-ամյա գործարարի ձերբակալման հիմք ծառայել էին ցմահ բանտարկության դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքները։ Հայազգի գործարարին մեղադրանք էր առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 160-րդ և 174-րդ հոդվածների հատկանիշներով՝ ուրիշի ունեցվածքի յուրացում կամ վատնում և ապօրինի ճանապարհով ձեռք բերված միջոցների օրինականացում: Այժմ տնային կալանքի մեջ գտնվող Լևոն Հայրապետյանն իր մեղքը չի ընդունում և հերքում է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները։ Եղբոր՝ Վլադիմիր Հայրապետյանի որակմամբ՝ գործարարի ձերբակալումը քաղաքական հաշվեհարդար է։ Քննչական մարմնի տվյալների համաձայն՝ այս գործով անցնում են նաև ռուսական «Բաշնեֆտ» ընկերության նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովը և «Սիստեմա» ընկերության համասեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը: Ավելացնենք նաև, որ Հայրապետյանի տնային կալանքը դատարանի որոշմամբ երկարացվել է մինչև հուլիսի 15-ը: