Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ-ում ընտրախախտումներ են արձանագրվել

Քաղաքականություն
c5cc42f39963665cbbf20dbb3dde9f87

Օրերս Ստեփանակերտի քաղաքապետարանի, ԼՂՀ ոստիկանության և ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ շրջայց է իրականացվել Ստեփանակերտ քաղաքում` Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի ընտրություններին մասնակցող թեկնածուների և կուսակցությունների կողմից ԼՂՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի պահանջների կատարման (քարոզչական պաստառներ փակցնելը սահմանված վայրերում) վիճակը դիտարկելու նպատակով, որի արդյունքներով արձանագրվել են գործող կարգից շեղումներ: Այդ մասին Արցախի հանրային հեռուստատեսությամբ բարձրաձայնվել է, բանավոր կարգով իրազեկվել են նաև համապատասխան թեկնածուներն ու կուսակցությունները, սակայն մինչ օրս այդ շեղումները շտկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկված չեն: Հիշեցնում ենք, որ քարոզչական պաստառներ փակցնելու համար համայնքներում առանձնացված անվճար տեղերի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում և ԼՂՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան` խախտմամբ փակցված քարոզչական պաստառները վերացնում է համայնքի ղեկավարը, անհրաժեշտության դեպքում` ոստիկանության աջակցությամբ: ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը խնդրով զբաղվող և շահագրգիռ բոլոր կողմերին կոչ է անում միջոցներ ձեռնարկել սեղմ ժամկետներում վերացնելու հիշյալ թերությունները: Միաժամանակ հիշեցնում ենք օրենսդրական որոշ պարտադիր պահանջների մասին. • Արգելվում է քարոզչական պաստառներ փակցնելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի վրա կամ ներսում: • Քարոզչական պաստառներ կարող են առանց սահմանափակման փակցվել կամ օգտագործվել նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու ժամանակ` այդ միջոցառումների անցկացման վայրում: Այդ միջոցառումների ժամանակ փակցված քարոզչական պաստառները միջոցառման ավարտից հետո հանվում են համապատասխան թեկնածուի կամ կուսակցության կողմից: • Արգելվում է պաստառները պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ ցանկացած այլ եղանակով վնասելը: • Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ ներառեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ: ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով   Հ. Գ. Մենք ստացել են նաեւ նամակներ՝ ընտրախախտումների վերաբերյալ, որ ներկայացնում ենք ստորեւ. «Քաշաթաղի շրջանի Ղազարապատ գյուղի բնակիչ, «Ազգային վերածնունդ» կուսակցության համակիր Սուրեն Զաքարյանը տեղեկացնում է, որ Ղազարապատ գյուղի համայնքապետն իրեն է փոխանցել Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի սպառնալիքները: Գյուղապետի խոսքերով շրջվարչակազմի ղեկավարն ասել է, որ Սուրենն ում ուզում է, թող ընտրի, միայն ոչ «Ազգային վերածնունդ»  կուսակցությանը, հակառակ դեպքում խնդիրներ կունենա»: Հարգանքներով` Տիգրան Գրիգորյան «Ազգային վերածնունդ»  կուսակցության շտաբի պետ     «Արցախի իշխանությունները շարունակում են լուրջ ճնշումներ և ընտրախախտումներ իրականացնել: Վերջին օրերի ընթացքում ԼՂՀ հատուկ ծառայությունները ահաբեկում և սպառնում էին «Ազգային վերածնունդ» կուսակցության կենտրոնական շտաբի տարածքի տիրոջը: Այդ սպառնալիքների արդյունքում տերը խնդրում է մեզ մինչև առավոտ ազատել շտաբի տարածքը: ԼՂՀ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սպառնացել են, որ եթե մինչև վաղը մենք չազատենք շտաբի տարածքը, ապա տարածքի տերը և նրա ընտանիքը խնդիրներ կունենան: Մենք համոզված ենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` որպես ԼՂՀ սահմանդրության երաշխավոր, և ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանը տեղի ունեցող ապօրինությունների գլխավոր պատասխանատուներն են: Կոչ ենք անում արցախյան և հայաստանյան լրատվամիջոցներին լուսաբանել այս օրերին ԼՂՀ իշխանությունների կողմից իրականացվող բոլոր հակասահմանադրական գործողությունները»:   Հարգանքներով` Տիգրան Գրիգորյան «Ազգային վերածնունդ» կուսակցության շտաբի պետ