Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու է Հովիկ Աբրահամյանը դժվարանում ակտիվացնել տնտեսությունը

Կարևոր լուրեր Տնտեսություն
Abrahamyan-Hovik-Tigran-Sargsyan

2014 թվականի ապրիլի 13-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության ղեկավար նշանակվեց Հովիկ Աբրահամյանը։ Մեկ տարի անց ինչպիսի՞ ցուցանիշներ է գրանցել տնտեսությունը: Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.5%: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատությամբ գրանցված աճը 0.2% է։ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը  գտնում է, որ երկրի տնտեսական ցուցանիշները բարվոք չեն և հեռու են բավարար լինելուց։  Պատգամավորը դա կապում է արտաքին ու ներքին գործոնների հետ։ «Ռուսաստանն ու Արևմուտքը նախորդ տարվա ընթացքում բարդ տնտեսական հարաբերությունների մեջ էին, ինչը շարունակվում է նաև հիմա։ Հայաստանի ամենախոշոր տնտեսական գործընկերոջ՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառած արևմտյան պատժամիջոցները ևս ազդել են մեր տնտեսական ցուցանիշների վրա»,-ասում է նա։ Ներքին գործոններից ԲՀԿ-ական պատգամավորն առանձնացնում է կառավարման համակարգի անարդյունավետությունը. «Նույնիսկ հասել ենք նրան, որ մարզերին, գյուղական համայնքներին տրվող արտոնությունները սպասված արդյունքը չեն ապահովում։ Առկա մարտահրավերները չեն զուգակցվում համարժեք  քաղաքական որոշումներով»,- նշում է Մելքումյանը և հավելում՝ խնդիրների լուծման հնարավոր է հասնել՝ լայն վեկտորով փոփոխություններ իրականացնելով՝ պաշտպանված ներդրումներ, անձեռնմխելի սեփականություն, արդար դատական որոշումներ և այլն։ Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն արձանագրում է, որ տնտեսական ցուցանիշների առումով առկա է առաջընթաց, սակայն «Այժմյան վարչապետն իր նախորդից ստացել է ծանր ժառանգություն, 2008 թվականին տնտեսական ճգնաժամի հետևանքով գրանցվել է 27% անկում՝ 13%-ից հասնելով -14%։ Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 1,5 միլիարդից հասել է 4,5 միլիարդի, ինչը վտանգավոր ցուցանիշ է երկրի համար, քանի որ այդպիսով սպառվում է արտաքին ֆինանսական միջոցներ ներգրավելու ռեսուրսը»։ Տնտեսագետը Հայաստանի տնտեսությունը համեմատում է հնացած մեքենայի հետ, որը կարիք ունի հիմնովին նորոգման։ «Ով էլ որ լինի այդ մեքենայի վարորդը, դրական փոփոխություններ չեն արձանագրվի։ Անհրաժեշտ է մեքենան հիմնովին նորոգել»,- հավելում է տնտեսագետը։