ԵԽ-ն կքննարկի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ. ինչ կարող է լինել հետո
Ապրիլի 15-ին Եվրոպական Խորհրդարանը քննարկելու է 1915թ. հայերի ցեղասպանությունը դատապարտող բանաձևը, ինչի դեմ բողոքի ձայն է բարձրացրել Թուրքիայի արտաքին գործերի նախարարը: Այս մասին Ֆեյսբուքում գրել է ԵՊՀ Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորեւ. Բանաձևի նախագծի ԵԽ-ում առկայության փաստը արդեն իսկ ողջունելի է հաճելի ցանկացած հայի համար և, իմ խորին համոզմամբ, ցանկացած եվրոպական պետության պարտքն է հավատարիմ մնալ իր իսկ որդեգրած և իր հարևաններին խրախուսվող արժեքային համակարգին ու ճանաչել մարդկայնության դեմ ուղղված պատմության մեջ առաջին հանցագործությունը: Պրագմատիկ քաղաքականության տեսանկյունից ամեն ինչ այդքան միանշանակ չէ, քանի որ Թուրքիան, որքան էլ որ մենք դա չցանկանանք նկատել, մեծ, ուժեղ և կարևոր պետություն է նույն Եվրոպայի գրեթե բոլոր պետությունների համար: Մինչ հայերի ցեղասպանության մասին ինչ- որ հայտարարություն ընդունելը, այդ պետությունները պետք է քայլեր ձեռնարկեն Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալ պահելու համար, ինչը բնական է և հասկանալի: Դառնանք Եվրոպական խորհրդարանի օրակարգում ընդգրկված բանաձևին: Եվրոպական միության կողմից հայերի ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն ստանում է կոպիտ և բիրտ հակազդեցություն պաշտոնական Թուրքիայի կողմից, ինչը Թուրքիային և իր ժողովրդին ավելի է հեռվացնում եվրոպական քաղաքակրթությունից` առավել վտանգավոր և անկանխատեսելի դարձնելով այն իր հարևանների` տվյալ պարագայում Հայաստանի համար: Ասածս ինչ է, մինչև Եվրոպական միությունից և իր անդամ-պետություններից պետական մակարդակով հայերի ցեղասպանության ճանաչման պահանջ ներկայացնելը մի պահ ազատվենք էմոցիաներից և սառը մտածենք, թե ինչպիսին կլինի մեր անվտանգության մակարդակը, իսկ ավելի ճիշտ վտանգի սպառնալիքը, եթե Թուրքիան հրաժարվի եվրոպական նկրտումներից, հրաժարվի ԵՄ նախաանդամակցման գործընթացում ստանձնած պարտավորություններից` ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, և ձևավորի իր համար այդքան հարազատ դարձած սուլթանատ: Ասածս թող որևէ կերպ չմեկնաբանվի որպես ցեղասպանության հարցով պահանջատիրությունից հրաժարվելու առաջարկ, այլ ճիշտ կլինի այն դիտարկել բացառապես որպես այդ բարձր նպատակին հասնելու ռազմավարության վերանայման առաջարկ` Հայաստանի Հանրապետությունը այդ գործընթացից հնարավորինս հեռու պահելու և հայկական սփյուռքի ահռելի ու մինչ այժմ չիրացված ներուժն ակտիվացնելու և այն առավելագույնս արդյունավետ իրացնելու համար: Որպես ասածիս վառ ապացույց հետևենք վերջին օրերին ամերիկյան և եվրոպական մամուլի և հանրության ուշադրության կենտրոնացումը հայոց ցեղասպանության հարցի վրա, դրա աննախադեպ լայնամասշտաբ լուսաբանումն ու իրազեկումը ամբողջ քաղաքակիրթ աշխարհին: Սրա դեմ Թուրքիան անզոր է, մինչդեռ Հայաստանի Հանրապետության դեմ ունի պայքարելու մի մեծ զինանոց: