«Համեստ հաշվարկներով հնարավոր է 30 դոլարով իջեցնել գազի սակագինը» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր Գազի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվության քննարկմանը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետո ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ արձագանքելով նրա ելույթին. «Վայ Արծվիկ ջան, ասում է՝ աշխարհում ամենից շատ գազաֆիկացված երկիրն ենք: Մենք ամենից շատ աթար վառող ազգն ենք, Արծվիկ ջան»: «Պարոն Մանուկյան, մի քիչ էլ մեզ համար խոսեք»,- Արամ Մանուկյանին ժպիտով դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Պարոն Մանուկյանը հայտարարեց, որ գազի սակագնի հետ կապված խնդիրները բազմաթիվ են: Ըստ նրա՝ մենք հիմա մուծում ենք այնքան, որքան տեսուչը որոշում է, եւ ստացվում է՝ իրական վառածից հիսուն տոկոսից ավելին ենք մուծում: Նա նաեւ նշեց, որ Գազի հանձնաժողովի անդամ է դարձել, որպեսզի ապացուցի, որ գազի սակագնի էժանացման հնարավորություններ կան. «Ու իմ համեստ հաշվարկներով պարզել եմ, որ հնարավոր է երեսուն դոլար իջեցնել, իսկ գոտիները ձգելու դեպքում՝ անգամ հիսուն դոլար»: Պարոն Մանուկյանը հայտարարեց, որ ինքը հասկացել էր՝ Գազի հանձնաժողովի աշխատանքները առաջ չեն գնալու, երբ ՕԵԿ-ը դարձավ ընդդիմություն, իսկ ՀՀԿ-ն էլ ամեն ինչ արեց, որ իր անդամների թիվը երկուսով ավելացնի հանձնաժողովում. «Արդյունքում հաշվետվության ընդունման առումով քվեարկություն չի եղել ու չէր էլ կարող լինել, քանի որ ընդդիմադիր ուժերը այս զեկույցին կողմ չեն եղել: Ոչ մեկս եզր չունենք այն հաշվետվության հետ, որ ներկայացվել է ԱԺ այսօրվա քննարկմանը: Սա այն ակնկալիքը չէր, որ սպասում էի: Ես վստահ եմ՝ ծախսերն անարդյունավետ են, ու սակագինն էժանացնելու տեղ կա, որը չեղավ»: