Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյանը հացադուլի կոչ է անում

Քաղաքականություն
1dfba15078b1e522c0a2e074823e2119

Ժիրայր Սեֆիլյանի և նրա համախոհների ձերբակալությունը անհիմն է և անօրինական. Ասել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը ֆեյսբուքյան գրառմամբ. «Այս հերթական ռեպռեսիան վկայում է, որ պետության բարձրագույն ղեկավար պաշտոնյաների կողմից Հայաստանում իրականացվող սահմանադրական կարգի տապալումը կայուն և անշրջելի բնույթ է կրում: Ստեղծված իրավիճակում ես գտնում եմ, որ Պավել Մանուկյանի հացադուլ հայտարարելու որոշումը ճիշտ քաղաքական քայլ է: Իմ կարծիքով, Հիմնադիր Խորհրդարանը պետք է օգտագործի այդ բողոքի ձևը»: Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ ճիշտ կլինի, եթե ապրիլի 10-ից (երբ լրանում է սահմանադրությամբ սահմանված 72- ժամյա մեղադրանք ներկայացնելու ժամկետը) Հիմնադիր Խորհրդարանի առնվազն երեք անդամ սկսեն հացադուլ, բոլորի համար տեսանելի վայրում՝ պահանջելով բոլոր քաղբանտարկյալների ազատումը: Ապրիլի 12-ին հացադուլին պետք է միանան ևս երեք հոգի և այդպես շարունակ: «Հիմնադիր Խորհրդարանի համախոհները արտասահմանում նույնպես պետք է սկսեն հացադուլներ Հայաստանի Հանրապետության դեսպանատների դիմաց: Ցանկալի է, որ մինչև ապրիլի 24-ը, Հայաստանում և սփյուռքում հացադուլ անողների թիվը հասնի հարյուրի: Այդ դեպքում քաղաքական բողոքի ակցիան կունենա միջազգային հնչեղություն և կդառնա անհրաժեշտ ճնշման գործիք քաղբանտարկյալների ազատման համար: Բնական է, որ ակցիան պետք է ներառի ոչ միայն Հիմնադիր Խորհրդարանի անդամներին և նրանց համախոհներին, այլ նաև բոլոր այն քաղաքական գործիչներին, ով չի հանդուրժում Հայաստանում սահմանադրական կարգի տապալումը և պայքարում է դրա դեմ: Ես ինքս պատրաստ եմ միանալ նման բողոքին, և կուզենայի մասնակիցների թվում տեսնել նաև Ազգային Ժողովում ընդդիմությունը ներկայացնող պատգամավորներին»,- ասել է Անդրիաս Ղուկասյանը: