«Գազի հանձնաժողովը քաղաքական գազ տալու հետ կապ չունի». Շարմազանովը՝ Փոստանջյանին (տեսանյութ)
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթում, խոսելով Գազի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվության մասին, հայտարարեց, որ ՌԴ հետ գազի պայմանագրի կնքման համար Սերժ Սարգսյանին ու նրա կողմից նշանակած Կառավարությանը պետք է կանչել քրեական պատասխանատվության: Այնուհետեւ, նա սահուն անցում կատարեց Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությունների փաստին՝ ասելով. «Այս պահին քրեական հետապնդման մեջ են գտնվում մեր քաղաքական գործընկերները՝ Ժիրայր Սեֆիլյանն ու նրա համախոհները: Անկախ նրանից՝ կիսում ենք, թե ոչ նրա հայացքները, մենք պետք է սատարենք նրանց»: ՀՀԿ պատգամավորները տեղից տիկին Փոստանջյանին կոչ արեցին խոսել քննարկվող թեմայից: Ի պատասխան Զարուհի Փոստանջյանը նկատեց. «Ունենք ՀՀ, սակայն չունենք ինստիտուտներ, որոնք հարգում են ՀՀ քաղաքացիներին: Գազի հանձնաժողովի այս զեկույցն էլ այդ մասին է վկայում: Իսկ Ժիրայր Սեֆիլյանը պատահական մարդ չէ. նա դեռ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ է ենթարկվել քրեական պատասխանատվության: ԱԱԾ-ն թող հետամուտ լինի այլ հանցագործների նկատմամբ, այլ ոչ թե ծառայի մի խմբակի՝ իշխանության բռնազավթման համար: Ես կոչ եմ անում, որ ապագայում, քանի որ այս տարին դժվար է լինելու մեզ համար, ցնցումներ էլ չունենանք: Վաղը այդ չարիքի իշխանությունը բոլորիս դուռն է թակելու: Կոչ եմ անում հանդես գալ հայտարարությամբ՝ անհապաղ ազատ արձակել Հիմնադիր խորհրդարանի անդամներին»: Իսկ կրկին անդրադառնալով Գազի պայմանագրին ու ներկայացված հաշվետվությանը՝ տիկին Փոստանջյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ ՌԴ հետ կնքված պայմանագիրը շատ վնաս է հասցրել, որի հետեւանքով բոլոր այն մարդիկ, որոնք գնացին այս ապօրինի գործարքին, ապագայում պետք է կանգնեն դատարանի առաջ: «Կոչ եմ անում իմ գործընկերներին՝ խոսել քննարկվող թեմայից: Տիկին Փոստանջյան գազի հանձնաժողովը քաղաքական գազ տալու հետ կապ չունի»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: