Լյուդմիլա Սարգսյանի խորհուրդը՝ կանանց (տեսանյութ)
Հիմնադիր խորհրդարանի սպասելիք քայլերն իշխանությունները կարող էին կանխել՝ հանդիպելով և բացատրական աշխատանքներ տանելով, քանի որ այդ կառույցն իշխանության համար ոչ մի վտանգ չի ներկայացնում։ Համոզված է ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը. «Նրանց ձերբակալելու իրավական որևէ հիմք չկար: Մարդկանց բնակարաններում և աշխատավայրում տեղի ունեցած խուզարկությունների արդյունքում կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել, հետևաբար իշխանություններին կոչ եմ անում ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին և նրա համախոհներին, նաև՝ Շանթ Հարությունյանին: Ժիրայր Սեֆիլյանը հերոս ազատամարտիկ է և շատ լավ գիտի Հայրենիքի արժեքը, Ցեղասպանության գինը»,- ասաց նա: Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով՝ Ժիրայր Սեֆիլյանը յուրօրինակ քայլերով փորձում է լուծումներ գտնել երկրում տիրող իրավիճակից դուրս գալու համար։ Իհարկե հանրահավաքներ կազմակերպելը յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքն է, և պարտադիր չէ, որ բոլոր քաղաքական ուժերը համակարծիք լինեն իշխանությունների վարած քաղաքականության հետ, նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, բայց այս դեպքում պետք է հիշել. «Ապրիլքսանչորսյան միջոցառումները մենք պետք է անցկացնենք հավուր պատշաճի: Մենք մեր մեջ չպետք է ներքին թշնամիներ փնտրենք»։ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարելիք այցին տիկին Սարգսյանը շատ հանգիստ է վերաբերվում. «Նա միշտ էլ ընդունել է, որ հայ է, և գալիս է հայրենիք՝ որպես սփյուռքահայ: Եթե Քիմ Քարդաշյանի այցը կնպաստի, որ Հայոց ցեղասպանությունը չճանաչած երկրները ճանաչեն պատմական ճշմարտությունը, նրա այցը պետք է դրական քայլ համարել՝ նրա անձը չդիտարկելով միայն որպես սեքս-խորհրդանիշ»։ Արտակ Դավթյանը նկատեց, որ Քարդաշյանը իր այդ քայլով սեփական քաղաքացիական կեցվածքն է դրսևորում. «Սրա համար պետք է շնորհակալ լինել Քիմ Քարդաշյանին: Մնացածն իր անձնական կյանքն է, և ինչով ուզում՝ իր անձնական կյանքում զբաղվում է»։ «Ա1+»-ի հարցին, թե ինչպես են վերաբերվում ՀՀԿ կանանց՝ Ծիծեռնակաբերդ կատարած այցին ու նրանց պահվածքին, Լյուդմիլա Սարգսյանը նախ նշեց, որ չի ցանկանում վատ արտահայտվել կանանց մասին, եթե անգամ նրանք ՀՀԿ-ից են. «Ես ուզում եմ այդպես մտածել, որ դա մի պահ է եղել, եւ լրագրողները ֆիքսել են, ես չեմ ուզում մտածել, որ Հերմինե Նաղդալյանը եւ իր թիմակից կանայք այդ տրամադրությամբ էին գնացել Ծիծեռնակաբերդ»։ Տիկին Սարգսյանը խորհուրդ է տալիս բոլոր այն կանանց, ովքեր հրապարակային գործունեություն են ծավալում, ավելի զգույշ լինեն, քանի որ նրանք ավելի խոցելի են, քան տղամարդիկ։ Արտակ Դավթյանը համոզված է, որ լրագրողներն ու լուսանկարիչներն ուղղակի որսացել են միմյանց վաղուց չհանդիպած և միմյանց տեսնելու համար ուրախություն հայտնած կանանց. «Չի կարելի նման կադրեր անել և տիրաժավորել դրանք»։