Վահե Էնֆիաջյանը` 100-րդ տարելիցի հայտարարության մասին
Այսօր աշխատանքային օրը մեկնարկեց առավոտյան՝ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գումարած արտահերթ նիստով: Օրակարգում առկա էր մեկ հարց՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությունը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» : Հայտարարության լրամշակված տարբերակում, որն արդեն մտել է ՀՀ ԱԺ օրակարգ, հղում է արվում ՄԱԿ-ի և միջազգային մի շարք հեղինակավոր կառույցների ընդունած այն կոնվենցիաներին և օրենքներին, որոնցով դատապարտվում են 1915 թ-ին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը: Հայտարարության լրամշակված նախագծին միացան Աժ բոլոր հանձնաժողովների ներկայացուցիչ պատգամավորները: Վստահ եմ, որ ապրիլի 24-ին ընդառաջ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի այս նախաձեռնությունն իրականացվում է ճիշտ ժամանակին, և կրկին միջազգային հանրության ուշադրությունը սևեռում է 1915թ-ին Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության վրա, որով նաև հնարավորություն է տալիս կանխարգելել ցեղասպանությունների հետագա կրկնությունները: Աշխարհում թերևս չկա մի հայ, ով տեղյակ չի ցեղասպանության պատմական փաստերին կամ կասկածում է դրանց իսկությանը, սակայն կարևորում եմ այս նախագծով կատարված պատմական իրողության ներկայացումը միջազգային հանրությանը, որն էլ հերթին կնպաստի Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը: Ստորև Ձեզ եմ ներկայացնում հայտարարության նախագիծը: ՀՀ Ազգային Ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան ... ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը - հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1948թ-ի դեկտեմբերի 9-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից 1988թ-ի նոյեմբերի 22-ին ընդունված «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ. ցեղասպանության դատապարտման մասին» Օրենքը, - արժևորելով “Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագրում” ամրագրված դրույթները, - կարևորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովուրդի ունեցած ներդրումը, - երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին և պետական կառույցներին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ. Կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին և միջխորհրդարանական կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել և դատապարտել Օսմանյան Կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն: