Ժապավեններ՝ անցորդներին.«СПАСИБО ДЕДУ ЗА ПОБЕДУ!» (տեսանյութ)
«Հայ-ռուսական երիտասարդական միություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ այսօր իրազեկման ակցիա է կազմակերպվել՝ «Я nомню! Я горжусь!», «Сnасибо деду за Победу!» կարգախոսով, որը նվիրված էր 1941-1945 թթ-ի Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի 70-ամյակին։ Քայլերթով անցնելով մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներով՝ ակցիայի մասնակիցները վերոնշյալ մակագրությամբ պաստառները փակցնում էին մեքենաների վրա, ինչպես նաև Հաղթանակի օրվան նվիրված ժապավեններ նվիրվում բոլոր անցորդներին։ «Մեզ համար շատ կարևոր է երիտասարդության շրջանում բարձրացնել տեղեկացվածության մակարդակը, տարածել այն միտքը, որ Հայաստանը ակտիվ մասնակցություն է ունեցել Մեծ հայրենական պատերազմին, և որ մենք հիշում ու հպարտանում ենք այդ հաղթանակով»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է «Հայ-ռուսական երիտասարդական միության» նախագահ Գոհար Ղումաշյանը։ Վերջինիս տեղեկացմամբ՝ սա նմանատիպ առաջին ակցիան էր Երևանում, բայց մտադիր են առաջիկայում՝ մինչ մայիսի 9-ը, նմանատիպ ակցիաներ իրականացել նաև Գյումրիում, Վանաձորում, ինչպես նաև մի շարք այլ հայկական քաղաքներում։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք այսօրվա երիտասարդությունը բավականաչափ տեղեկացված է այդ Հաղթանակի օրվա, դրա խորհրդի մասին , Գոհար Ղումաշյանը ի պատասխան շեշտեց. «Կան երիտասարդներ, ովքեր շատ են շփվում տարեց սերնդի, պատերազմի վետերանների հետ, նրանք այո՛ գիտեն, բայց , ցավոք սրտի, երիտասարդության մեծամասնությունը նույնիսկ պատկերացում չունի դրա մասին, և մեր այս ակցիաների հենց նպատակը կայանում է նրանում, որպեսզի երիտասարդները հնարավորինս շատ տեղեկացված լինեն և մասնակցություն ունենան այսպիսի ակցիաներին։ Նախատեսել ենք նաև Հաղթանակի 70-ամյակին նվիրված տարբեր միջոցառումների շարք իրականացնել»։ Մանրամասները դիտեք տեսանյութում