Բելառուսը համաձայնվել է իր տարածքում ՀՀ ներկայացուցչություն բացել
Ս.թ. ապրիլի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նշել է, որ ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչից՝ գյուղական ֆինանսավորում, գյուղական ենթակառուցվածքներ, ֆերմերների իրազեկում եւ աջակցություն, ծրագրի կառավարում: Համաձայնագրով մասնավորապես նախատեսվում է հանրապետության յոթ մարզերի գյուղական համայնքներում բարելավել ջրամատակարարման եւ ոռոգման համակարգերը՝ առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը ներկայացրել է ՀՀ կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ 2014 թվականի դեկտեմբերի 24-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ» համաձայնագիրը: Ըստ փոխնախարարի՝ նախատեսվում է ՀՀ եւ Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբետ գետի վրա կառուցել նոր կամուրջ, որի շինարարական աշխատանքները կիրականացվեն վերոնշյալ փաստաթղթով նախատեսված պայմաններով: Պատգամավորները քննարկել են նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության միջեւ 2014 թվականի նոյեմբերի 20-ին Աշգաբատում ստորագրված «Բելառուսի Հանրապետությունում Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական եւ այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության հիմնման, արտոնությունների եւ իմունիտետների մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Համաձայնագրով Բելառուսի Հանրապետությունը համաձայնում է իր տարածքում հիմնել ԱՊՀ կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ ներկայացուցչություն, սահմանվում են նաեւ վերջինիս հիմնման եւ գործունեության, ինչպես նաեւ արտոնություններ տրամադրելու պայմանները: Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը: ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: Քննարկման արդյունքում պատգամավորների առաջարկով հեղինակը համաձայնել է նախագծի քննարկումը հետաձգել մինչեւ մեկ տարով՝ հետագայում լրամշակված նախագիծ ներկայացնելու նպատակով: