ԱԺ անկախ պատգամավորի նախագիծը ընդունելի է, սակայն հարցեր կան
Թեեւ կառավարության համար ընդունելի է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, սակայն հեռուստատեսության անալոգային հեռարձակումից թվայինի անցման ժամկետը երկու տարով՝ մինչեւ 2017 թվականը երկարացնելը քննարկման ենթակա է։ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի խոսքերով՝ նշված ժամկետում անալոգային ցանցի գործունեության ապահովման համար ծախսերը գրեթե կկրկնապատկվեն՝ հաշվի առնելով անալոգային ցանցի պահպանման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները։ Ոլորտը կարգավորելու համար մշակվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ։ «Ներկայացված օրենքի նախագծի հեղինակին առաջարկվում է մասնակցել նախագծի մշակման աշխատանքներին»,- կառավարության նիստի ժամանակ նշեց Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։ Այսօր Կառավարությունը քննարկել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ս.թ. հուլիսի 1-ից ՀՀ ամբողջ տարածքում հեռուստահաղորդումների թվային հեռարձակման անցնելը, նրա կարծիքով, կարող է դառնալ մոտ մեկուկես տասնյակ հեռուստաընկերությունների փակման պատճառ, և առնվազն մի քանի հարյուր մարդ գործազուրկ կդառնա: Օրենքի փոփոխությունը հնարավորություն կտա երկու տարով երկարաձգել անալոգային արտոնագրերի գործողության ժամկետը և գտնել խնդրի լուծման ավելի լավ տարբերակ: Կառավարությունն ընդունելի է համարում թվային հեռարձակման ժամկետի հետաձգումը մինչև 2017թ., սակայն քննարկման ենթակա՝ ծագող ֆինանսական հարցերը: Առաջիկայում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացնելու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը: