«Ինչպե՞ս կարող են իրենց շահառուին ձերբակալել». ՀԽ մամուլի քարտուղարը՝ դանակահարության մասին
Մարտի 28-ին Գյումրիում հանրահավաքի ժամանակ դանակահարված Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանի առողջական վիճակը նորմալ է, կազդուրվում է։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հիմնադիր խորհրդարանի մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանը՝ ավելացնելով, որ մի քանի օրից հնարավոր կլինի նրան տեղափոխել Երեւան։ Հիմնադիր խորհրդարանը տարածել էր նաեւ այն անձի լուսանկարը, ով դանակահարել էր Հրաչիկ Միրզոյանին, սակայն նա չի ձերբակալվել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական Օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը։ «Ռեժիմն է կազմակերպել, ինչպե՞ս կարող են իրենց շահառուին ձերբակալել։ Ակնհայտ են փաստերը, չեմ բացառում, որ ծածկադմբոցի տարբերակով նաեւ ձերբակալեն։ Բայց հույսեր փայփայելու իմաստ չկա, որ նորմալ քննություն կլինի եւ ռեալ պատիժ կստանա»,- ասաց Հիմնադիր խորհրդարանի մամուլի քարտուղարը։ Դանակահարության հետևանքով ստացած ներքին արյունահոսության պատճառով հեռացրել էին նրա փայծաղը եւ կատարել արյան փոխներարկում։ Հիմնադիր խորհրդարանը այսպիսի դեպքերը բացառելու համար պատրաստվում է հեռացնել ռեժիմին։ Հիշեցնենք, որ 100-ամյակը առանց ռեժիմի շարժումը շաբաթ օրը Գյումրիում հանրահավաք էր անցկացրել՝ ռեժիմի հեռանալու պահանջով: