Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարնանացան սերմացուների բաշխման գործընթացն ավարտվեց

Տնտեսություն
5d248d2fdbb32b406bab6e705213485a

Պետական օժանդակության ծրագրերի շրջանակում 2015 թվականին  ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից հանրապետություն է ներկրվել գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի սերմացու, որի վերջին խմբաքանակն այսօր Մասիսում գտնվող պահեստից ուղարկվեց Շիրակի և Արագածոտնի մարզեր: Մասնավորապես 1013,8 տոննա գարնանացան գարու, 5,275 տոննա եգիպտացորենի, 59,24 տոննա առվույտի և 247,825 տոննա կորնգանի սերմացու ներկրվել է Ռուսաստանի Դաշնությունից: Եվս 120 տոննա էլիտային վերարտադրության գարնանացան գարու սերմացու գնվել է տեղական սերմարտադրողներից` «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ից: Գարնանացան սերմացուի վերջին խմբաքանակը ներմուծվել է մարտի 20-ին: Սերմացուն տրամադրվել է հողօգտագործողներին 2015 թվականի գարնանացանի աշխատանքները ժամանակին կատարելու   համար` ցանքատարածությունների ու համախառն բերքի ծավալների և գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացման նպատակով: «Սերմացուն հողօգտագործողներին հատկացվում է պետության կողմից ձեռք բերված արժեքից  ավելի ցածր գներով: Մասնավորապես գարնանացան գարու 1 կգ-ը ձեռք է բերվել 324.6 դրամով, որը  հողօգտագործողներին տրամադրվել է 130 դրամով, եգիպտացորենի 1 կգ-ը` 932.5 դրամով, որը  տրամադրվել է 350 դրամով, առվույտը` 2695 դրամով,  տրամադրվել է 1500 դրամով և կորնգանը` 562.9 դրամով,  տրամադրվել է 370 դրամ»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանը: Նրա խոսքով` մարզերի կողմից սահմանված կարգով ներկայացված վճարունակ պահանջարկն ամբողջությամբ բավարարվել է: «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը, համաձայն պայմանագրերի, սերմացուն հատկացրել է մարզպետարաններին` ապահովելով սերմերի բեռնաթափումը մարզպետարանների կողմից հատկացված պահեստներում: Սերմացուն հատկացվել է 0,3 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարողներին: Առավելությունը տրվում է  անասնապահությամբ և Հայաստանի Հանրապետության տավարաբուծության  զարգացման ծրագրում ընդգրկված տնտեսավարողներին: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին