Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենաշնորհի օրինականացման փայլուն տարբերակ է ստեղծվել»

Տնտեսություն
43bee7d18d1beb9e7df07037f5f64371

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում հարց ուղղելով ՏՄՊՊՀ նախագահին՝ հետաքրքրվեց պարենային շուկաների` մսի, բուսական յուղի, ալյուրի եւ ներմուծվող այլ ապրանքների վաճառքից, որոնք կազմում են 100-150 եւ ավելի տոկոս: «Այստեղ գերշահույթ կա: Այս ամենից հետեւում է, որ դուք թերացել եք ներկրողների գերիշխող դիրքի չարաշահման պարագայում»,- հայտարարեց պատգամավորը: Նա նաեւ նշեց, որ շաքարավազի շուկայում ձեւավորված մենաշնորհի իրավիճակը ներկայացնելիս հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, թե «Ալեքս Գրիգ»-ին պատկանող շաքարի գործարանը բնական գործընթացով ստեղծված մենաշնորհի արդյունք է. «Սահմանադրության հետ խնդիր ունեք` մրցակցության սահմանափակումը կարող է սահմանվել միայն օրենքով: Եթե անգամ բնական վիճակ է ստեղծվել, ապա դուք պետք է բերեիք դա օրենքով օրինականացնեիք ԱԺ-ում»: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ բոլոր շուկաներում ուսումնասիրություններ արել են. «Շահույթի չափը չարաշահման հիմք չի հանդիսանում, շահույթները նորմավորված չեն մեր երկրում, եւ դա հիմք չէ, որ մենաշնորհի չարաշահում ընկալվի: Մասնավորապես այն շուկաները եւ թվերը, որոնք դուք ներկայացրիք, դրանք անիրատեսական են, իրականությանը չեն համապատասխանում, մեր երկրում այդպիսի գերշահույթներ չկան: Ներմուծման գները համեմատել վաճառքի գների հետ ու համեմատության մեջ ինչ-որ թվեր ներկայացնել՝ ճիշտ չէ: Գնագոյացման հաշվարկների վրա բազմաթիվ գործոններ են ազդում. պատրաստ ենք ներկայացնելու մեր ուսումնասիրությունները»: Ինչ վերաբերում է շաքարավազի շուկային, ապա նա վստահեցրեց, որ այստեղ չկա մենաշնորհ. «Մենաշնորհ է, երբ շուկայի 100 տոկոսը պատկանում է մեկ անձի, մինչդեռ շաքարավազի շուկայում կան նաեւ այլ ներկրողներ, ճիշտ է, փոքր ներկրողներ են»: Լեւոն Զուրաբյանին զարմացրեց նրա պատասխանը. «Փաստորեն, ստեղծվել է մենաշնորհի օրինականացման մի փայլուն տարբերակ` ընդամենը մեկ տոկոս թողնում ես տնտեսվարողին, որ դա մենաշնորհ չկոչվի, որ որեւէ խնդիր չլինի օրենքների ու Սահմանադրության հետ»: «Պարոն Զուրաբյան, մենաշնորհը չի սահմանափակվում ոչ մեր, ոչ էլ այլ երկրների օրենքներով, միայն հակամրցակցային գործողություններ թույլ չտան»,- մեկնաբանեց Շաբոյանը։