Գնալու ենք հարեւան երկրներ, ասելու ենք` կանխարգելում արե՞ք (տեսանյութ)
ԱԺ-ն այսօր նիստի սկզբում իրականացրեց երեկ քննարկած մի շարք նախագծերի քվեարկությունը: 113 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն ընդունեց «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները 1-ին ընթերցմամբ: ՀՀԿ պատգամավոր եւ այս նախագծով հիմնական զեկուցող Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ պատգամավորների հետ եկել են ընդհանուր համաձայնության եւ ներկայացված բոլոր առաջարկները հիմնականում ընդունվել են. «Կխնդրեի քվեարկության դնել լրամշակված տարբերակը եւ, ի դեպ, նախագծի համահեղինակների ցանկին նոր գործընկերներ են միացել»: Հիմնական համահեղինակներից պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ կոնսենսուսից ելնելով ինքը կողմ կքվեարկի, սակայն. «Ունքը ուղղելու փոխարեն աչքն ենք հանել` լրամշակելով նախագիծը: Ցեղասպանությունների դատապարտումը մեկ անգամ են անում, ամեն տարի ինչ-որ բան դատապարտելը տրամաբանական չէ: Նույնն էլ կանխարգելման օրը մի քիչ աներեւակայելի է` գնալու ենք հարեւան երկրներ, ասելու ենք` կանխարգելում արե՞ք: Կողմ եմ քվեարկելու, սակայն լավ տեքստը փչացրեցինք»: 112 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ 1-ին ընթերցմամբ ընդունվեց նաեւ «Պետական պարգեւների ու պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը դրվատեց փոփոխությունները, քանի որ իրենց առաջարկությունները եւս ընդունվել են, օրինակ` Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրվելու համար նախատեսված բոլոր գործողությունները պետք չէ միաժամանակ կատարել, ասենք` Հայոց ցեղասպանության դատապարտմանը, ճանաչմանը ուղղված քայլեր. «Եթե դրանցից անգամ մեկ միջոցառումն արած լինի անձը, ապա դա արդեն հիմք է, որ նախագահը պարգեւատրի այդ անձին»: 104 կողմ, 2 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ 3-րդ ընթերցմամբ ու ամբողջովին ընդունվեց «Ռազմաարդյունաբերական համալիրի»-ի նախագիծը: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ժամանակին ունեցել ենք նմանատիպ մի հիմնարկ, որն ավելի լավն է եղել. «Մենք հիմա նորից ենք գերատեսչություն ստեղծում: Այստեղ կա օրենքի կոպիտ խախտում, երբ զակազչիկն ու կապալառուն մեկ տեղից են` ՊՆ-ից»: 88 կողմ, 20 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ 2-րդ ընթերցմամբ ու ամբողջովին ընդունեց «ԱԺ Կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխությունների եւ կից օրենքների փաթեթը: Այն վերաբերում է բյուջետային գրասենյակի ստեղծմանը, որը պետք է վերահսկի պետական բյուջեի հոսքերն ու իրականացվող ծրագրերը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի պատրաստվում ինչ-որ մի խմբի շահերը սպասարկելու համար մի մարմնի ստեղծմանը կողմ քվեարկել. «Այն կառույցները, որոնք ի պաշտոնե պետք է իրականացնեին վերահսկողություն, ստացվում է` պարազի՞տ են: ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու»: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը կողմ է. «Մենք գտնում ենք, որ ԱԺ-ն նման վերահսկողական լծակ պետք է ունենա: Խորհրդարանական ուժերը պետք է վստահ լինեն այդ գրասենյակի անաչառության վրա: Խմբակցությունները պետք է տան իրենց ներկայացուցիչները ու այդպիսով վերահսկեն կառավարության բոլոր օղակների գործողությունները»: «Օրենքը վերահսկողական գործառույթ չունի, այլ միայն խորհրդատվական է»,- հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ափսոսանքը հայտնեց, որ պատգամավորները խորամուխ չեղան նախագծի մեջ. «Սա հնարավորություն է տալու ընդդիմությանը վերահսկողական գործառույթ ունենալ: Տիկին Բիշարյան, իհարկե, բոլոր խմբակցություններն ունենալու են ներկայացուցիչներ մրցութային խմբում, որը ընտրելու է գրասենյակի փորձագետներ ընտրելիս»: ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ պետական բյուջեն այն փաստաթուղթն է, որի հետ կապված բոլոր սահմանադրաիրավական հարցերը լուծում են Վերահսկիչ պալատը, Կառավարությունը եւ ԱԺ-ն. «Դուք հիմա սահմանադրական այս վերահսկողության մեջ ներմուծում եք նոր մարմին` նոր գործառույթներով, որը հակասահմանադրական մարմին է: Ասեք, որ նոր մարմին եք ստեղծում, ու մի ասեք, թե դա չի հակասում Սահմանադրությանը»: