Հովիկ Աբրահամյանը փակո՞ւմ է թեման, ապա սրբագրո՞ւմ (տեսանյութ)
Կառավարության փետրվարի 19-ի նիստը լուսաբանած լրագրողները հիշում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքն ուղղված ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին։ «Ես էլ գտնում եմ, որ մենք ճիշտ ենք անում, պարոն Թովմասյան, իմ կարծիքով թեման պիտի փակենք արդեն»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Երբ ընդունվում էր կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու վերաբերյալ որոշումը, Հրայր Թովմասյանն առաջարկեց, որ խորհրդում ընդդիմադիր պատգամավորների ներգրավման համար կառավարությունը դիմի ԱԺ խմբակցություններին եւ ոչ թե Աժ նախագահին, որոնք և կներկայացնեն իրենց ներկայացուցիչներին։ Հովիկ Աբրահամյանն ընդդիմացավ` ասելով, որ ճիշտ կլինի կառավարությունը դիմի ԱԺ նախագահին, ով էլ կտա ընդդիմադիր պատգամավորների ցանկը: Հրայր Թովմասյանը փորձեց պարզաբանել, որ ճիշտ է՝ ուղղակիորեն խմբակցություններին դիմել այդ հարցով, որոնք հենց իրենք էլ կներկայացնեն իրենց ներկայացուցիչներին: Արդյունքում՝ վարչապետն առաջարկեց թեման փակել։ Վարչապետի այս խոսքից հետո որեւէ մեկը ուշադրություն չդարձրեց, բայց պարզվում է Հրայր Թովմասյանի կարծիքը հաշվի է առնվել։ ՀՀ կառավարության 19 փետրվարի 2015 թվականի N 165-Ն Որոշման 5-րդ կետի 1-ին մասով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ուղղակիորեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին է դիմում իրենց խմբակցություններից խորհրդի կազմում մեկական ներկայացուցիչ ընդգրկելու նպատակով եւ ոչ՝ ԱԺ նախագահին: Հետաքրքիր է, որ Հովիկ Աբրահամյանը «թեման փակեց» նաեւ մարտի 19-ի նիստում, երբ որոշվեց հաստատել տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը և հանձնաժողովի անդամների առաջադրման կարգը։ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը իր խոսքում նշեց,որ մեկ առաջարկ ունեն, որ «ֆինանսների նախարարության հանձնաժողովի անդամը հետագայում դատական նիստերի ներկայանա, և այդ առաջարկը ընդունվել է»: «Բայց դա պարտադիր չէ, որ լինի հանձնաժողովի անդամ, մեր պայմանավորվածությունը հիշեք: Վարչապետը կորոշի` ով է մասնակցում»,- նախարարի խոսքին արձագանքեց Հովիկ Աբրահամյանը։ «Հանձնաժողովը որոշում է, թե ով է մասնակցում»,- հակադարձեց Կարեն Ճշմարիտյանը: «Ոչ, վարչապետն է որոշում»,- եզրափակեց Աբրահամյանը, նախարարն էլ այս անգամ համաձայնվեց։ Արդյո՞ք նույնը կկրկնվի նաև Կարեն Ճշմարիտյանի պարագայում, կերեւա, երբ հրապարակվի որոշումը։