Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում Ավետիսյանների տանը առնվազն 28 կրակոց է արձակվել (տեսանյութ)

Քաղաքականություն
gyumri7

Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ավետիսյանների տանը հայտնաբերվել է 28 պարկուճ։ «Կարող ենք եզրահանգել, որ առնվազն 28 կրակոց է արձակվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը։ Իսկ ողբերգական սպանության գործով նշանակված փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ կրակոցներն արձակված են այն զենքից, որն ամրակցված է եղել Վալերի Պերմյակովին. ավելացրեց Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։ Իսկ ինչ վերաբերում է հագուստին, ապա դատակենսաբանները նշել են, որ Պերմյակովի քրտինքը եւ այդ հագուստի վրա հայտնաբերված քրտինքը իրենց խմբային պատկանելիությամբ նույնն են։ «Սա դեռ միանշանակ չենք կարող ասել, որ Պերմյակովի հագին է եղել այդ հագուստը, այդ հարցի պատասխանը կտա դատագենետիկական փորձաքննությունը, որը ԴՆԹ-ի օգնությամբ 100 տոկոսով հնարավորություն է տալիս պնդել, որ իրոք քրտինքը պատկանում է կոնկրետ անձի»,- նշեց Լուսինե Սահակյանը։ Փաստաբան, Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն էլ ավելացրեց, որ գենետիկական փորձաքննությունն արդեն նշանակված է։ Նրա խոսքերով՝ Պերմյակովի հագուստի, ինչպես նաեւ գլխարկի վրա հայտնաբերվել են մազեր եւ ըստ փորձաքննության, դա պատկանում է այն արյուն ունեցողների խմբին, ինչպիսին Պերմյակովինն է, այս պարագայում եւս պետք է սպասել ԴՆԹ-ի փորձաքննությանը։ Փաստաբանի խոսքերով՝ դեպքի վայրում նաեւ բազմաթիվ ծխուկներ են հայտնաբերվել։ Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Ավետիսյան ընտանիքի 7 անդամները սպանվել էին։ Գործով միակ մեղադրյալը ռուսական ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովն է։