Սաջաթ Քարիմը Երեւանում առաջարկում է ԼՂ որոշ տարածքներ զիջել
Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խոսեց Հայոց ցեղասպանության դատապարտման եւ ճանաչման մասին: Նա ընդգծեց, որ Թուրքիան առանց նախապայմանների համաձայն չէ բացել սահմանն ու սկսել համագործակցությունը, մինչդեռ մենք պատրաստ ենք. «Այս պահվածքի պատճառով էլ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հինգ ու կես տարի անց Սերժ Սարգսյանը կատարեց առաջին քայլն ու ԱԺ-ից հետ կանչեց դրանք»: Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջաթ Քարիմը նրան հարց ուղղեց՝ ասելով. «Անշուշտ, բոլորը տեղյակ են ԵՄ դիրքորոշմանը, որ մենք համաձայն ենք, որ սահմանը պետք է բացվի առանց նախապայմանի: Մեկ տարի առաջ թուրք դեսպանը ասաց, որ այդ արձանագրությունները սառեցված են, բայց ոչ վախճան ունեցող: Ես չեմ վիճարկի բարի կամքի այդ դրսեւորումը, բայց չե՞ք կարծում, որ հայկական կողմից, օրինակ, պետք է քայլ արվի եւ, ասենք, ԼՂՀ որոշ տարածքների զիջումը հարցին կօգնի»: Նա նաև խոսեց Թուրքիայի հետ հարաբերությունների համար հիմնական խնդիր հանդիսացող Հայոց ցեղասպանության հարցի մասին՝ հարցնելով, թե արդյոք այս միջոցառումները բացասական ազդեցություն չե՞ն ունենա Թուրքիայի գործողությունների վրա: Պատասխանելով՝ Աղվան Վարդանյանը նշեց, որ իրենք միշտ ասել են և բոլոր միջազգային կառույցները, այդ թվում՝ ԵՄ-ն, ասել է, որ ՀՀ-Թուրքիա հարաբերությունները պետք է լինեն առանց նախապայմանների. «Ի՞նչ է նշանակում երրորդ պետության՝ Ադրբեջանի հետ խնդիրը դարձնել հարաբերությունների համար նախապայման, սա ընդունելի չէ եւ ոչ մի միջազգային կանոններով: Խոսք լինել չի կարող Թուրքիայի հարցում զիջումներ կատարելու հարցում ԼՂՀ որոշ շրջաններ հանձնելու առումով»: Ըստ նրա՝ օբյեկտիվ գնահատողները կտեսնեն, թե ինչ է կատարվում ՀՀ-Ադրբեջան սահմանային գծում՝ պարբերաբար հարձակումների արդյունքում ունենք տասնյակ զոհեր: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, ապա պարոն Վարդանյանը նկատեց, որ Թուրքիան իր պատմության հետ առերեսվելու ցանկության պակաս ունի. «Նույն ժխտողականության քաղաքականությունը, որ շարունակվում է հարյուր տարի, տեսեք, ապրիլի 24-ին Թուրքիան կազմակերպել է մի միջոցառում, որ ստվերի Հայոց ցեղասպանության մեր միջոցառումները, որպեսզի այլ երկրների ղեկավարները չգան Հայաստան»: Իսկ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հավելեց, որ թուրքական կողմը չհարգեց իր ստորագրությունն ու առաջ քաշեց նախապայմաններ: