Սամվել Ֆարմանյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին, արձագանքելով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ քաղբանտարկյալների վերաբերյալ խոսքերին, հայտարարեց, որ ԵՄ կից կան մասնագիտացված կազմակերպություններ, որոնք տալիս են համապատասխան գնահատականներ. «Պետք է արձանագրենք, որ բարեբախտաբար քաղբանտարկյալների հետ կապված, դա միայն Նիկոլ Փաշինյանի ու էլի մի խումբ քաղաքացիների կարծիքն է: ՀՀ-ն այն ճանապարհին չէ, որ քաղաքական ընդդիմախոսության համար կարող են հայտնվել բանտում: Իհարկե, ցավոք, կան երկրներ, որտեղ դեռ նման բաներ տեղի են ունենում, ՀՀ-ում՝ ոչ»: Նա նաեւ հպարտորեն նշեց, որ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հայկական հանձնաժողովի կազմում ընդդիմադիր գործիչներն ավելի շատ են ու նրանց կարծիքը որոշիչ է: Ինչ վերաբերում է համապետական ընտրությունների վերաբերյալ համաժողովի հայ մասնակիցների դժգոհություններին ու դիտարկումներին, ապա պարոն Ֆարմանյանը նշեց, որ ընտրությունները կասկածի տակ առնենք, թե ոչ, դրանք դիտարկել են եվրոպական դիտորդական բազմաթիվ կառույցներ, ու նրանք իրենց եզրակացություններն ունեն. «ՀՀ-ն այն բացառիկ երկրներից է, որտեղ ընտրությունների բոլոր մասնակիցները հաղթում են: Սա երեւի էվոլյուցիայի մի ճանապարհ է՝ քաղաքական մշակույթի ձեւավորման համար: Ժողովրդավարական երկրներն այս ճանապարհով անցել են: ՀՀ-ում իսկապես ընտրությունների միջոցով քաղաքական իշխանության զիջումը, ինչպես նաեւ՝ ընտրությունների արդյունքների ընդունումը նոր էջ կբացի: Այսօր իրավիճակն այնպիսին է, որ որեւէ ընդդիմադիր թեկնածու, եթե ընդունի, որ պարտվել է, ապա մյուս թեկնածուները կսկսեն նրան մեղադրել նրան ծախված լինելու մեջ: Վերջում ուզում եմ նշել, որ մեր փոխարեն խնդիրները ոչ ոք չի լուծելու»: