Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գործող սահմանադրությամբ էլ մեզ որևէ բան չի խանգարում վերարտադրվելու» (տեսանյութ)

Քաղաքականություն
gagik-melikyan

«Մինչև մայիսի 5-ը բոլոր քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն սահմանադրական բարեփոխումների իրենց առաջարկները, որից հետո հանձնաժողովն իր հերթին 10 ամսվա ընթացքում կներկայացնի վերջնական հայեցակարգը»,-հայտնել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։ Ըստ նրա՝ աահմանադրական բարեփոխումները միայն կառավարման մոդելի փոփոխություն չեն ենթադրում, այլ քաղաքական կուսակցությունների համագործակցություն, դատաիրավական համակարգի բարեփոխում: Արդյո՞ք Հայ ազգային կոնգրեսը նույնպես ներկայացնելու է իր առաջարկները, պարոն Մելիքյանի խոսքով՝ եթե դա չարվի էլ, այսպես թե այնպես այն քաղաքական ուժերը, որոնք քննադատում են, դա նույնպես մասնակցություն է դիտարկում: «Չեմ կարծում, որ իրեն հարգող որևէ քաղաքական ուժ կարող է դուրս մնալ այդպիսի քննարկումներից, անկախ նրանից, դա կլինի գրավոր առաջարկների, թե բամբասանքների տեսքով։ Որևէ նշանակություն չունի՝ գրավոր, թե բանավոր, իրենք մասնակցում են»,-շեշտել է ՀՀԿ ներկայացուցիչը։ Պարոն Մելիքյանին զայրացնում են այն ձևակերպումները, թե սահմանադրության փոփոխությունն ուղղված է իշխանության վերարտադրմանը։ «Հանրապետականը ժամանակին, ինչու չէ, եղել է ընդդիմություն և պայքարի միջոցով հասել է իշխանության: Գործող սահմանադրությամբ էլ մեզ որևէ բան չի խանգարում վերարտադրվելու կամ արտադրվելու։ Իսկ արտադրողը կամ վերարտադրողը միայն ժողովուրդն է»,-ասել է նա։ Գործիչը կարևորում է այն հանգամանքը, որ քաղաքական դաշտը հստակեցվեց: «Մենք այլևս հասկացանք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդդիմություն է: Հստակեցվեց նաև այն փաստը, որ ԲՀԿ-ն այլընտրանք էր ընդդիմությանը»,-նշել է պարոն Մելիքյանը։ Իսկ նախագահի հայտնի ելույթում անգրագիտության վերաբերյալ խոսքերն արդյո՞ք որևէ փոփոխություն կբերեն նաև ՀՀԿ-ում, նրա խոսքով՝ գրագիտության խնդիր կա նաև իրենց կուսակցությունում, բայց ոչ մի անգրագետ գործիչ ակտիվորեն չի զբաղվում քաղաքականությամբ, այլ հնարավոր է այդպիսիք լինեն կուսակցության անդամների մեջ։ Նա չի բացառում ներկա պայմաններում ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը։ Իսկ այդ կուսակցությանը երեք նախարարի և երեք մարզպետի պորտֆել տալու լուրերը ՀՀԿ ներկայացուցիչը չի մեկնաբանել։ Պարոն Մելիքյանն անդրադարձել է նաև երեկ տարբեր երկրների լրատվամիջոցների հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթին։ Նրա համոզմամբ՝ նախագահի խոսքը՝ կապված Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ, իրոք աննախադեպ էր։ « Դա պետք է մտահոգի ոչ միայն մեզ, այլ նաև Արդբեջանին զենք վաճառող երկրին հատկապես, քանի որ այդ զենքն ուղղվում է մեր զինվորի, մեր պաշտպանի դեմ և մեր զինվորի գիտակցության մեջ միշտ նստած է այն փաստը, որ իրեն կարող են սպանել ռուսական զենքից, ինչպես նշեց նախագահը»,-ասել է նա։ Պարոն Մելիքյանի խոսքով՝ Ռուսաստանին դա պետք է մտահոգի նաև այն առումով, որ իրենք մեր ռազմավարական գործընկերն են: «Նման վաճառքներ տարբեր երկրներում լինում են, և մենք մեր գործողություններով պետք է հասնենք նրան, որ զենք քիչ վաճառվի, հատկապես՝ մեզ թշնամաբար տրամադրված երկրներին»,-հավելել է գործիչը։