Շուկայական հարաբերություններ հայ-ուկրաինական հարցերո՞ւմ
Երեւանում անցկացված Եվրանեսթի ԽՎ 4-րդ լիագումար նիստում հայաստանցի ու ուկրաինացի պատվիրակները միասնական կարծիք չորդեգրեցին եւ տարբեր կերպ քվեարկեցին երկու երկրներին վերաբերող բանաձեւերին: Երեկ ընդունված Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի ագրեսիան դատապարտող բանաձեւին հայկական կողմը հիմնականում դեմ է քվեարկել: Կողմ քվեարկողներից է եղել «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը. «Կան ինչ-որ չափով ձեւակերպումներ, որոնք իր իմաստով ամբողջովին ընդունելի չեն, բայց ես ազնիվ եմ եղել` ուկրաինական կողմի հետ միասին մինչ այդ քննարկումներն ու բանակցությունները, մեկ հարց տալ` արդյո՞ք այս տեսակի փաստաթղթով չենք վնասի ձեր բանակցային գործընթացին: Իրենք վստահություն են հայտնել, որ այս տեսակի բանաձեւը չի խանգարելու իրենց բանակցային գործընթացին»: Մինչդեռ հայկական պատվիրակության նախագահ Արտակ Զաքարյանն իր ելույթում նշել էր, որ դեմ է քվեարկել բանաձեւին, քանի որ այն իրականում չի արտահայտում այսօրվա իրավիճակը, եւ բացի այդ, հարցի շուտափույթ լուծումը մեզ համար առաջնային է, քանի որ Ուկրաինայում բնակվում է ավելի քան կես միլիոն հայ: Ի պատասխան ուկրաինացիները որոշեցին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւին դեմ քվեարկել, թեեւ կրկին ոչ միաձայն. «Այստեղ ավելի շատ նմանվել էր շուկայական հարաբերությունների` դե եթե ձեզ մոտ տարբեր կարծիքներ են, ապա մենք էլ տարբեր կարծիքներ ցուցաբերենք: Ինչը ես ուրախ եմ, որ մի քանի եվրոպական խմբից պատվիրակներ, որոնք բարձրաձայնեցին իրենց ասելուց հետո, որ դա ազնիվ մոտեցում չէ, բոլորս գիտենք, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել»։ Սա այն դեպքում, երբ ընդամենը երկու օր առաջ` ԵԺԿ ժողովին Ուկրաինան միաձայն կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւին, որը մի քանի անգամ ավելի սուր էր: Եվրանեսթ ԽՎ համանախագահ Բորիս Տարասյուկի խոսքով՝ «ՄԱԿ-ում, երբ քվեարկություն եղավ Ուկրաինայի նկատմամբ ՌԴ ագրեսիայի վերաբերյալ, դժբախտաբար ՀՀ-ն 100 այն պատվիրակների ցանկում չէր, որոնք կողմ արտահայտվեցին: Նույնը տեղի ունեցավ Գոլոդոմորը որպես Ցեղասպանություն որակելու վերաբերյալ բանաձեւի քվեարկությանը ՄԱԿ-ում: ՀՀ-ն դեմ արտահայտվեց»: Թեւան Պողոսյանը նկատում է` հայկական պատվիրակությունը, ի տարբերություն Ուկրաինայի, միշտ ազնիվ է եղել իր քայլերում. «Հայաստանը մինչեւ հիմա, այնուամենայնիվ, բոլոր այն բանաձեւերին, որտեղ Ոսկրանային թվում է, թե ՀՀ-ն իրեն չի օժանդակում, բացատրություն տվել է, թե որն է եղել խնդիրը»: Բորիս Տարասյուկը բոլորին կոչ արեց հարգանքով վերաբերվել մաթեմատիկային ու թվերին եւ միանշանակ կարծիք չձեւավորել Ուկրաինայի քվեարկության արդյունքների վերաբերյալ: