Սերժ Սարգսյանը սպասում էր, որ ՀԱԿ-ից հանդիպում խնդրեին (տեսանյութ)
«Սարգսյան-Ծառուկյան հանդիպումը կապ չունի սահմանադրական փոփոխությունների գործընթացի արագացման հետ»,-հայտարարում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Ասում է՝ գործընթացը բնականոն հունով ընթանում է, և հայեցակարգը դեռևս վերջնական տեսքի բերված չէ։ Ինքը չի հասկանում ընդդիմադիր կեցվածքով քաղաքական ուժերի քննադատությունը՝ կապված նոր սահմանադրության հետ։ Պնդում է, որ այդ գործիչների նախկին ու ներկա հայտարարությունների ու դիրքորոշումների մեջ հակասություններ կան. տարիներ առաջ առաջարկում էին հենց կառավարման խորհրդարանական մոդելը, իսկ հիմա դա քննադատում են, թե ովքեր՝ չի մանրամասնում։ «Մենիշխանությունից, միահեծան իշխանությունից մենք պետք է խուսափենք»,-ասում է պարոն Բաղդասարյանը։ Այն, որ ընդդիմադիրներն ասում են, թե իշխանության վերարտադրմանն է այս քայլն ուղղված և առաջարկում արտահերթ ընտրություններ, պատասխանում է. «Եկեք անենք արտահերթ ընտրություններ, բայց չէ՞ որ այդ ժամանակ էլ ենք իշխանությունը մենք»։ Վստահ է՝ ամենալավը մոդելի փոփոխության միջոցով իշխանափոխությունն է, ինչն իր պնդմամբ առաջարկում են։ Իսկ ինչո՞ւ ՀԱԿ-ը չի հրավիրվել նախագահի կողմից անցկացվող սահմանադրական փոփոխությունների քննարկմանը, պարոն Բաղդասարյանը նշել է. «Իրենք միշտ հայտարարում էին, թե Կոնգրեսն այս կործանարար իշխանության հետ քննարկելու բան չունի, նման հայտարարություն անող կուսակցությանն ինչպե՞ս հրավեր ուղարկենք։ Բացի այդ, ՀԱԿ խմբակցությունում կա 7 հոգի և 6 տարբեր տեսակետ, մենք չգիտենք էլ ո՞ւմ ուղարկել հրավերը։ Թե առանձին Բագրատյանին ուղարկեինք, առանձին Նիկոլ Փաշինյանին, Զուրաբյանին, այդպես չի ստացվի։ Սպասում էինք, որ իրենք խնդրեին կամ առաջարկեին հանդիպում, այդ ժամանակ նախագահը կորոշեր՝ ում հետ հանդիպել»։ Քննարկմանը ներկա չի եղել նաև «Հանրապետություն» կուսակցությունը և այլ ուժեր, ՀՀԿ-ական պատգամավորը շեշտում է, որ մեսիջը բոլորին է ուղարկվել, և մարդիկ երևի թե սպասում են քննարկման երկրորդ փուլին կամ ասելիք չունեն, ինչի պատճառով էլ չեն եկել։ ՀՀԿ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ եթե քննարկումների արդյունքում վիճելի հարցեր առաջանան, ԱԺ-ն սահմանադրական բարեփոխումների երկու հայեցակարգ կներկայացնի։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ սահմանադրական բարեփոխումներին դեմ լինելը կարծես վերջին օրերին փոխվեց, ՀՀԿ-ականը դա բացատրում է հետևյալ կերպ. «Նրանց դեմ լինելու միակ պատճառն այն էր, որ ունեին նախագահի թեկնածու։ Իսկ հիմա այդ թեկնածուն այլևս չկա։ Եթե մարդիկ ունեն անհատ և մտածում են՝ թքած ապագայի վրա, մեր թեկնածուին դարձնենք նախագահ, մի քանի տարի վայելենք, հետո կմտածենք, այդպես չի լինում»։ Արդյո՞ք նոր սահմանադրությամբ կկրճատվի խորհրդարանում պատգամավորների թիվը։ Պարոն Բաղդասարյանի անձնական կարծիքով՝ 131 պատգամավորը մեր երկրի համար իսկապես շատ է, ինքը կնախընտրեր նրանք ավելի քիչ լինեին, բայց պատգամավորների կրճատման վերաբերյալ առայժմ ոչինչ չի կարող ասել։ Հարցին, որ Հանրային խորհրդի անդամներին անհանգստացնում է պատգամավորների կրթական ցենզը, որոնք անձամբ պետք է նախագահին ընտրեն նոր սահմանադրությամբ, պատգամավորը պատասխանել է. «Լավ է անում, որ իրենց դա անհանգստացնում է։ Այսօր դա խնդիր է, և երևի թե բոլորս կցանկանայինք, որ լինեին չափորոշիչներ, թե ով դառնա պատգամավոր»։ Պարոն Բաղդասարյանը զերծ է մնացել նաև նոր սահմանադրության հանրաքվեի հստակ ժամկետ նշելուց. «Կարող է աշնանը լինի, կարող է գարնանը լինի, չեմ կարող ասել»,-նշել է նա։