Օտարերկրյա դիտորդները կհավատարմագրվեն միայն հրավերի առկայության դեպքում
2015 թվականի մայիսի 3-ին անցկացվելիք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընդառաջ սույն թվականի փետրվարի 13-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում սկսված է դիտորդների հավատարմագրման գործընթացը: Հիշեցնենք, որ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն (հավատարմագրվելու դեպքում)` 1) միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները և օտարերկրյա հասարակական կազմակերպությունները (միջազգային դիտորդներ)` հրավերի առկայության դեպքում, 2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները (տեղական դիտորդներ): Հավատարմագրվել կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին: Հավատարմագրվելու նպատակով դիմումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել մինչև սույն թվականի ապրիլի 23-ը ներառյալ, իսկ միջազգային դիտորդների դեպքում` նաև մինչև սույն թվականի մայիսի 2-ը ներառյալ: Հավատարմագրվելու համար դիմումին կից ներկայացվում է. 1) կանոնադրության պատճենը` հանրապետությունում գրանցված կազմակերպությունների դեպքում, 2) հրավերի պատճենը` միջազգային կազմակերպությունների դեպքում, 3) դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակը` նաև էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel տարբերակով: Հավատարմագրված դիտորդներին կտրվեն վկայականներ: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, հասցեն` ք. Ստեփանակերտ, Սասունցի Դավթի 2, էլեկտրոնային հասցեն` cec.nk.am@ gmail.com , հեռախոսներ` 94-43-09, 94-42-55: ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայություն