Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամբիստների այցը Բաքու կարող է կասեցնել միայն Սերժ Սարգսյանը

Սպորտ
sport-sambo1

«Հայաստանը անպայման պետք է մասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպայի մարզական առաջին խաղերին: Սամբոյի ֆեդերացիան երկու ձեռքով կողմ է: Մենք միայն այն դեպքում չենք մեկնի Բաքու, եթե նման որոշում կայացնի Սերժ Սարգսյանը», - այսօր «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը: Ինչպես նշել ենք, երեկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել մասնակցել առաջիկա այդ խաղերին: Սակայն ըմբշամարտի եւ թաեքվանդոյի հանրապետական ֆեդերացիաները դեմ են Բաքու մեկնելուն: «Ի տարբերություն շատ ֆեդերացիաների, մենք չենք քաղաքականացնում սպորտը: Բացի այդ, մեր կարգավիճակը լիովին ուրիշ է: Մենք ամեն ինչ անում ենք, որ սամբոն դառնա օլիմպիական մարզաձեւ, իսկ դրա համար հարկավոր է հնարավորինս շատ մրցումների մասնակցել»,- շարունակում է ֆեդերացիայի նախագահը: Մեր այն հարցին, արդյոք մեր սամբիստներն անհատապես ցանկանում են մեկնել Բաքու, Խորհրդային Ադրբեջանի սամբոյին նախկին չեմպիոնն ասաց. «Բոլորն էլ 100 տոկոսով պատրաստ են մեկնել Բաքու: Համաձայն են եւ մարզիկները, եւ նրանց ծնողները, եւ նրանց ազգ ու տակը»: