ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը՝ բոլորն են ընտրակաշառք բաժանում. ՀՀԿ պատգամավոր (տեսանյութ)
Ընտրակաշառք բաժանում են բոլորը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը; Այսօր հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը: «Թող ոչ մեկն իրեն սուրբ չձեւացնի, բոլորն են բաժանում՝ ով որքան կարողանում է, ժամանակն է այդ հարցերին ուշադրություն դարձնել»,- ասաց պատգամավորը՝ խոսելով ընտրությունների ու դրանց արդարության մասին։ Նա նաեւ անկեղծացավ՝ արդար ընտրություններից սպասելիքներ ունեցող մարդկանց թիվը քիչ է: Խոսրով Հարությունյանի համոզմամբ՝ այսօր ընդդիմությունը կազմալուծված է, բայց սա չի նշանակում, որ մենք այլեւս ընդդիմություն չունենք: «Ուղղակի ժողովուրդն է հուսահատության մեջ: Իրավիճակը հիմա նախկինից տարբերվող է, բայց ողբերգություն պետք չի դարձնել: Պետք է վերլուծել ու անգամ դասեր քաղել»: Ընդդիմության մշտական պահանջը՝ իշխանափոխությունը, պատգամավորը համարում է դատապարտված թեզ: «Բոլոր քաղաքական ուժերը դնում են մի նպատակ՝ իշխանություն, բայց դա պետք է նպատակ չլինի, ժողովուրդը ինքը պետք է որոշի, թե ով է իշխանությունը»: Իշխանափոխությունը, ըստ Խոսրով Հարությունյանի, ոչ այլ ինչ է, քան գաղափարական հեղափոխություն, բայց Հայաստանում դրա մասին խոսք չկա: «Բոլորը միանում են մի բլոկում ու պահանջում իշխանափոխություն, ու դա դառնում է ոչ թե գաղափարական, այլ պրիմիտիվ հեղափոխություն, քանի որ նրանց գաղափարները տարբեր են լինում»: