Լուծարվեց Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 դպրոցը
Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց այս տարվա «Արի տուն» ծրագիրը։ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ այս տարի նախատեսվում է 1100 երիտասարդ բերել Հայաստան։ Կառավարությունը մեկ այլ որոշմամբ՝ հավանության արժանացրեց «Սփյուռք» ամառային դպրոցի այս տարվա ծրագիրը։ Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ արդեն երրորդ տարին է՝ ծրագիրը գործում է, եւ հայոց լեզվի արագացված դասընթացներ են կազմակերպվում ուսուցիչների համար։ Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ լուծարվեց Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 դպրոցը։ Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ կազմակերպության լուծարումից հետո գույքը կնվիրվի Երեւան քաղաքին, սակայն Հովիկ Աբրահամյանն առարկեց՝ նշելով, որ Երեւանին բոլորն էլ գույք են նվիրում, ճիշտ կլինի՝ այն ուղղել սահմանամերձ համայնքներին։