«Նույնիսկ մեր ընդդիմադիր գործընկերները չեն կարող ասել, թե ով է վստահաբար ընդդիմություն» (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանին լրջորեն հետաքրքիր է, թե ինչ հարց է լուծում փոքրաթիվ ընդդիմությունը խորհրդարանում. «Եթե այդ հարցը ուղղեք մեր ընդդիմադիրներին եւ բոլոր խմբակցություններին, հաճույքով ես էլ կտեղեկանամ»։ Հանրապետական Արմեն Կարապետյանն իր տեսլականն ունի ընդդիմության դերի մասին՝ մինչեւ ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ավարտը չթեժացնել ներքաղաքական իրավիճակը. «Որովհետեւ բավականին արտերկրից հյուրեր կունենանք»։ ԲՀԿ-ն հենց Ցեղասպանության 100-ամյակի պատճառով, ըստ պատգամավորի, ընկավ այսպիսի պատմության մեջ։ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը նույնպես կարծում է, որ Ցեղասպանության 100-ամյակի շեմին ընդդիմության ներքաղաքական ակտիվացում չէր կարելի թույլ տալ. «Բոլոր քաղաքական ուժերը, հայությունը ամբողջովին պետք է միտված լինի այդ կարեւորագույն իրադարձությունը հավուր պատշաճի աշխարհին ներկայացնելուն»։ Իսկ ինչպե՞ս վարվի ընդդիմությունը, եթե Սերժ Սարգսյանի քաղաքականությունը նրա սրտով չէ։ Ըստ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանի՝ այնքան խայտաբղետ է հիմա ընդդիմադիր դաշտը, որ նույնիսկ իրենք՝ մեր ընդդիմադիր գործընկերները չեն կարող ասել, թե ով է վստահաբար ընդդիմություն, ով ոչ»։ Ըստ Լեւոն Մարտիրոսյանի, վատ է, որ այսօր ընդդիմությունը վատ վիճակում է, հիմա Հայաստանին իսկապես այլընտրանքային ուժ է պետք, ոչ ԲՀԿ-ի նման. «Ընդ որում, այլընտրանք դեպի լավը, ոչ թե դեպի վատը»։ Էդվարդ Շարմազանովը գործող ընդդիմության մեջ տեսնում է առողջ ուժերի, որոնց շնորհիվ ընտրությունները հետընտրական ցնցումների չեն հանգեցնի. «Հիմա չեմ ուզում անուններ տալ, հենց մի հատ ընդդիմադիրի գովում ենք, ասում եք իշխանության հաճախորդն է»։ Սակայն քաղաքական եւ նույնիսկ օրենսդրական դաշտում բացարձակ մեծամասնություն ունեցող Հանրապետականի ինչի՞ն է պետք ընդդիմությունը. «Ընդդիմությունը մեզ չի պետք, ընդդիմությունը հասարակությանն ա պետք»։ Բայց նախ պետք է հասկանանք, թե ինչ է Հանրապետականի ուզածը եւ ժողովուրդն ում օգտին է քվեարկում, որպեսզի չստացվի, որ լիբերալ ընդդիմադիրը սոցիալիստական օրինագծերի օգտին քվեարկի կամ հակառակը. «Ես երեկ կարդում եմ իմ գործընկերներից մեկի հարցազրույցը, ասում ա մեկնաբանի Տեր-Պետրոսյանին, ասում ա՝ Տեր-Պետրոսյանին մեկնաբանելու բան չունեմ։ Ու դա ասում ա մի մարդ, որը մի ամիս առաջ իրա հետ օպերայի հրապարակում ձեռ ձեռի տված միտինգ էր անում»։