Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրո եւ հարգանքի մասսայական ապացուցման կարիք կա՞. Այվազյանը՝ Բիշարյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
ayvazyan

ԱԺ-ում այսօր «Շահութահարկի մասին» օրենքի վերջնական եւ երրորդ ընթերցմամբ քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը հայտարարեց, որ պետք է հանդես գար որպես հարակից զեկուցող, սակայն որոշեց խոսել խմբակցության անունից: «Տիկին Բիշարյան ջան, օրինագիծը երկու անգամ քննարկվել է ու բարի լինեիք մասնակցել քննարկումներին: Ես չէի ուզում ասել, բայց եթե մի բանի մասին խոսում եք, ապա մինիմալ այդ մասին պետք է պատկերացում ունենաք, թե չէ ստացվում է՝ մենք խոսում ենք ամեն ինչից, բացի օրենքից»,- դիմելով ՕԵԿ խմբակցության ղեկավարին՝ հայտարարեց պարոն Այվազյանը: Իր ելույթի ընթացքում նա պարբերաբար վիճաբանության մեջ էր մտնում տեղից ռեպլիկ անող պատգամավորների հետ: Սկզբում նա վիճեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ: «Երկխոսությունը դադարեցրեք. ես մի ռեժիմ կսահմանեմ, որ իրար հետ չվիճեք»,- հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Շարունակելով իր ելույթն ավելի վրդովված՝ Վարդան Այվազյանը հայտարարեց. «Ինչի եք ինձ ստիպում, որ ամեն ինչ բառացի սկսենք խոսել»: Ապա անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի արձագանքներին՝ Վարդան Այվազյանն ասաց. «Պարոն Զուրաբյան, նորից կարդացեք. եթե չեք կարողանում լավ ըմբռնել, եկեք նորից քննարկենք»: Իսկ դիմելով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին՝ ասաց. «Շնորհակալություն, տիկին Բիշարյան, ձեր հարգանքի ու սիրո համար, դա փոխադարձ է... Ի՞նչ է, ապացուցման կարիք կա՞... Դա մասսայական ապացուցման կարիք չունի»: Դահլիճը սկսեց ծիծաղել: Իսկ Գալուստ Սահակյանը տեղից ռեպլիկներ անողներին անդրադարձավ առանձին-առանձին. «Պարոն Մինասյան (ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյան-խմբ.), հենց ելույթ ունեցաք, ձեր ելույթից մի րոպե հանելու եմ, քանի որ նստած տեղից արդեն մեկ րոպե խոսեցիք... Պարոն Բագրատյան, մի րոպե էլ ձեզնից, հանգիստ նստեք»: Երբ վիճաբանությունը ԱԺ դահլիճի տարբեր անկյուններից շարունակվեց, Գալուստ Սահակյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Նորից լսեք հորդորս. ես նորից այն կարծիքի եմ, որ խոսափողներն են, որ տանում են ձեզ պատերազմի: Դրա համար այնպես որոշվեց, որ քվեարկությունը հետաձգվի ավելի պատեհ ժամանակի: Կխնդրեմ պարոն Այվազյանին, որ մյուս շաբաթ էլի քննարկումներ կազմակերպվեն, ու բոլոր շահագրգիռ պատգամավորները մասնակցեն: Արծվիկ Մինասյանին չեմ ասում, որովհետեւ ասեմ-չասեմ, մեկ է մասնակցելու է: Այս օրենքը վատ օրենք չէ: Քանի որ ունենք օրենքներ, որոնք եւս պետք է քվեարկվեն, այդ պատճառով մարտի սկզբին ըստ երեւույթին կունենանք արտահերթ նիստ: Դրա համար քննարկումների ընթացքում առանց խոսափողների կռիվ արեք»: Խոսք խնդրեց Հեղինե Բիշարյանը, քանի որ իր անունը հնչել էր Վարդան Այվազյանի ելույթում: «Ձեր անունը լավ անուն է, դրա համար էլ հնչեցվել է, հա ինչ անենք»,- փորձեց կատակել Գալուստ Սահակյանը: Հեղինե Բիշարյանն, այնուամենայնիվ, խոսեց. «Ես շնորհակալ եմ, պարոն Այվազյան, որ ջերմ խոսքեր ասացիք: Լավ կլինի, որ  հրավիրեք քննարկումներ ու ներկայացնեք ապրանքացուցակները, քանի որ դուք էլ եք լավ հասկանում, որ մենք էլ ենք լավ հասկանում, թե ինչ եք անում»: «Ինչ լավ է, որ բոլորս էլ լավ ենք հասկանում»,- կրկին արձագանքեց Գալուստ Սահակյանը: Հրանտ Բագրատյանն ավելի էմոցիոնալ կերպով արձագանքեց. «Պարոն Այվազյան, տիկին Բիշարյանի ասածներին ձեր արձագանքը բոլորովին կապ չուներ: Դուք ստանդարտ ելույթ եք ունենում, ու ձեր խոսքերը անկապակցված մտքեր են, եթե ուշադիր ենք հետեւում ձեր ելույթին: Այդ երկու տոկոս շահութահարկը տվեք բոլորին, կամ փոքրիկ շեմ դրեք, վա՞տ բան ենք ասում: Այ մարդ, տնտեսագիտություն կա, ես ինչ կապ ունեմ»: «Պարոն Բագրատյան, ես ձեզ հորդորում եմ՝ խորությամբ ամեն ինչ չլսել»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: Նրա հումորն ավարտվեց ու անցավ վիրավորանքների, երբ որոշեց անդրադառնալ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիտողություններին. «Դուք ոչ միայն ոտքից, այլեւ լսողությունից եք թոփալ: Դուք որտեղ խոսում եք, ես լսում եմ, ու ապտակը ստանում եք»: