Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հ. Աբրահամյան. «Որևէ մեկը թող ասի, որ ես այս տարիներին բիզնես եմ ծավալել» (տեսանյութ)

Քաղաքականություն
hovik3

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը վարչապետին հարց ուղղեց՝ կոռուպցիոն հանձնաժողովի հետ կապված: Նա «Սինգապուրյան հրաշք» գրքից մեջբերումներ արեց, որ եթե պաշտոնյաները ինտելեկտուալ են, կոռուպցիայից հեռու են, հնարավոր է պայքարել կոռուպցիայի դեմ. «Հիմա դուք վերջերս ձեր ղեկավարությամբ եւ Գագիկ Խաչատրյանի, ձեւավորել եք կոռուպցիայի հանձնաժողով: Մինչ այդ մենք ունեցել ենք 5-6 նման հանձնաժողովներ, որը արդյունք չի տվել, եթե չասեմ, որ արդյունքում ավելի է խորացել կոռուպցիան: Հիմա դուք նորից նույն ձեւաչափով հակակոռուպցիոն հանձնաժողով եք ստեղծում: Համոզեք մյուսներին, ի՞նչ արդյունք եք սպասում դուք այդ հանձնաժողովից»: Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ինձ կհաջողվի ձեզ համոզել: Ի սկզբանե դժվար կլինի, բայց փորձեմ: Այդ հանձնաժողովում, որը ղեկավարելու է վարչապետը, ընդգրկված են լինելու ՀԿ-ներ եւ ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցիչներ: Մենք բոլորս միասին պետք է քննարկման առարկա դարձնենք բոլոր այն խնդիրները, այն հարցերը, որ այսօր կա մեր հասարակության մեջ՝ միասին օրենքի շրջանակներում, ներկայացնելով իրավապահներին, փորձենք պատժել: Մենք որեւէ կաշկանդվածություն չունենք որեւէ մի անձի, քաղաքական գործչի, գործարարի նկատմամբ մենք չունենք պարտավորություն: Եթե ցանկանանք, այդ հարցին կտանք լուծում: Լինելու ենք թափանցիկ, շատ պարզ, անկեղծ: Եթե ունենանք այս մոտեցումը, կարձանագրենք հաջողություն»: