«Ինձ համար աղերսագրեր գրողներն ընդամենը անցյալի գաղջ հիշողություններ են» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր ավարտվեցին ՀԱԿ ներկայացրած «Կառավարման ճգնաժամ»-ի վերաբերյալ նախագծի քննարկումները: Մինչ այդ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթին սկսեցին արձագանքել բոլոր նրանք, որոնց անունները նա տվել էր ելույթում: Լեւոն Զուրաբյանը դա համարեց Կանոնակարգ օրենքի խախտում: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը առաջինը արձագանքեց նրան՝ նախ ասելով. «Պարոն Զուրաբյան, այստեղ որեւէ դաղալություն չկա. Կանոնակարգը ուսումնասիրեք՝ եթե որեւէ գործչի անուն հնչում է, նա իրավունք ունի խոսելու»: Այնուհետեւ, նա անդրադարձավ իրեն ուղղված մեղադրանքին, որ ԵԽԽՎ-ում նա իր ելույթով, ըստ էության, ՀՀ-ն պարտության է տարել. «Պարոն Զուրաբյան, ես ձեզ նման անհեռատես, կարճմիտ քայլեր չեմ արել: Դա պայքար էր, մարտ էր, որի ժամանակ ես մարտիկի նման պայքարել եմ, ոչ թե ձեզ նման ճանապարհի կեսից դուրս եկել»: Մյուս արձագանքողը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր: Նա հայտարարեց հետեւյալը. «Նրանց համար, ովքեր չգիտեն, ասեմ՝ ՀՀԿ ներկայացուցիչները իմ նախագծի վերաբերյալ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթից հետո ծափահարում էին: ՀՀԿ-ՀԱԿ այդ միասնությունն առաջացել է Լեւոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան խորհրդատվական խողովակների միջոցով զրույցների արդյունքում: Ինձ համար աղերսագրեր գրող գործիչներն ընդամենը անցյալի գաղջ հիշողություններ են»: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր հերթին նշեց, որ իր ելույթի վերաբերյալ դրական խոսքեր լսել է, սակայն լսել է նաեւ վիրավորական խոսքեր. «Ասել եմ, որ դուք որեւէ բանով իշխող կուսակցությունից չեք տարբերվում: Նորից կրկնում, ու իմ ամբողջ ելույթի ժամանակ դուք ինձ խանգարում էիք, անգամ դրանով չէիք տարբերվում իշխող կուսակցությունից: Հետաքրքիր պրոցեսներ են ընթանում, ապագայի մասին պետք է խոսել, ոչ թե հետ վերադառնալ անցյալ»: