Նոր դաշինք՝ Փաշինյան, Մարուքյան, Շարմազանով, Բաբուխանյան (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր իր եզրափակիչ ելույթում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ամփոփելով իրենց ներկայացրած «Կառավարման ճգնաժամ»-ի նախագծի մասին հնչած կարծիքները, ասաց. «Ինձ մոտ տպավորությունն այնպիսին է, որ ՀՀԿ-ն ամբողջ կազմով խնդրում-պաղատում է ՀԱԿ-ին, որպեսզի ինքն էլ միանա Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը»: Նա խոսեց ՀՀԿ այն դիրքորոշման մասին, ըստ որի՝ խորհրդարանական մեծամասնությունն ամեն կերպ փորձում էր շահարկել այն, որ ՀԱԿ-ը դեմ արտահայտվեց Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ նախագծին: Պարոն Զուրաբյանը նկատեց, որ արդյունքում ստեղծվեց մի դաշինք, որի մեջ ներառված են Նիկոլ Փաշինյանը, Հայկ Բաբուխանյանը, Խոսրով Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, Էդմոն Մարուքյանը։ «Խոսքս վերաբերում է այս դաշինքի մեջ մտնող ոչ իշխանական ուժերին՝ ինչով եք տարբերվում ստալինյան ժամանակներին ցուցապաստառներով երթ անողներից, որտեղ գրված էր «Ռաստրելյած օպոզիցիու կակ բեշենիխ պսով»: Նա իշխանությունների կողմից հնարք համարեց այն, որ նրանք փորձում էին մեղադրել մեղադրողին: Պարոն Զուրաբյանն անիմաստ համարեց իշխանությունների այն պատճառաբանությունները, թե ՀՀՇ կառավարման տարիներին ճգնաժամն ավելի խորն էր. «Պատերազմական տարիների իրավիճակը պետք չէ համեմատել խաղաղ օրերի հետ:Այս խաղաղ պայմաններում ժողովուրդը զանգվածաբար փախչում է, մինչդեռ մեր տարիներին եղել է ներգաղթ: Այսօր երկրում մնացել են շուստրիները, պնակալեզները, որոնք կարող են բարգավաճել միայն բիրտ ուժով»: Այնուհետեւ նա խոսեց ԵԽԽՎ-ում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթից, որը նա անվանեց անհեթեթ ու անքաղաքավարի, որի արդյունքում ԵԽԽՎ-ում անգամ ՀՀ դաշնակիցները մեր դեմ դուրս եկան: Վերջում Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը շարունակելու է դիմադրություն կազմակերպող օջախ մնալ. «Եվ ժողովրդին կոչ ենք անում՝ մարտի մեկին հավաքվել Ազատության հրապարակում»: