«Ծառուկյանի ունեցվածքը կվերաբաշխվի, ու մարդկանց մի կուսակցությունից կբերեն մյուսը» (տեսանյութ)
Քաղաքական դաշտում չկա հավասարություն: «Հայք» վելուծական-տեղեկատվական կենտրոնում այսօր հայտարարեց ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ խոսելով «Քաղաքական դաշտն ինչպես ազատել ոչ քաղաքական, մարգինալ ուժերից» թեմայով: Պարոն Արշակյանը նկատեց, որ ժողովրդավարության գլխավոր գործիքը կուսակցություններն են, ու այդ նպատակով պետք է ունենան թափանցիկ ֆինանսավորում: Երգահան, կոմպոզիտոր Վահան Արծրունիի կարծիքով՝ քաղաքականությունն էլ է կուլտուրա. «Ինչ կարող ենք պահանջել անկիրթ եւ կիրթ մարդկանցից: Եթե մենք զննեք բոլոր ոլորտերը, բոլոր հարթություններում նույն բանաձեւն է գործում. մենք հիմա մի փուլում ենք, որտեղ գոյություն դեռ չունեն քաղաքակրթությանը բնորոշ օրենքներ, այլ կա միայն շահ, որը ենթադրում է որոշակի գործողություններ՝ իշխանության մեջ մտնելու մոլուցք ու իր տեսակին հարմարեցնելը»: Ըստ նրա՝ քաղաքականությունն առանց բարոյականության առ ոչինչ է ու վտանգավոր է դառնում ամբողջ աշխարհի համար. «Տագնապալի է այս իրականությունը, ելքի զգացողություն չի ենթադրում ու չի առաջացնում: Մենք բոլորս թաղված ենք այդ իրականության տիղմի մեջ: Այս զգացողությունը կա բոլոր հարթություններում՝ թե իշխանությունների, թե բիզնեսմենների, թե հասարակ քաղաքացու մոտ»: Անդրադառնալով ներքաղաքական իրադարձություններին, մասնավորապես ՀՀԿ-ԲՀԿ հակասություններին, հաշտեցմանն ու այս ֆոնին հասարակության մասնակցությանն ու կուսակցությունների վարկանիշին, Ազատ Արշակյանը նշեց, որ մի տասը տարի առաջ կարող էր քաղաքական դաշտն ինքնամաքրվել. «Դա այն ժամանակ հույս էր տալիս, որ ՀՀ-ն առողջացման, առաջադիմության կուրս կվերցնի: Հիմա մենք հասանք նրան, որ փակված են բոլոր ուղիները, փակուղի է ու այլեւս ինքն իրեն չի կարող մաքրել, քաղաքական կյանքը գնում է անկում, վերարտադրման, քաղաքական կոռուպցիան ինքնակործանման է գնում: Ես լավատես եմ՝ բոլորը առաջընթաց են ուզում, ինչքանով է դա ստացվում՝ այլ հարց է»: Ըստ նրա՝ հիմա պահը հարմար է. հարկադրական, ստիպողական մաքրման պրոցես է սկսվել. «Եթե գնաց սրացում, քաղաքական լյումպենները հակասոցիալական տարրերը հասել են իշխանության, նրանք անպայման կտանեին արյունահեղ բախման: Բացառված էր, որ ՀՀ-ում դիկտատուրա հայտարարվեր ու վեց ամսում ցրեր այն իշխանության ուժերը, որոնք կենսունակ չեն: Հիմա գնաց դասական տարբերակը՝ պերեստրոյկա եղավ... Այդ բառն օգտագործեմ, քանի որ ԵՏՄ-ում հիմա այդ բառապաշարը պետք է օգտագործենք: ՀՀ-ին պարտադրվեց այս վիճակը: Անուններով խսեմ՝ ԵԿՄ-ն վերից ներքեւ վերացրեք ու ջնջեք, դա ապապետական կենտրոն է, դրանք հակահերոսներ են, տգետների խումբ: Այսօր հարուստ մարդ լինել, նշանակում է կամ ամբողջական քրեական լինել, կամ կիսաքրեական»: Խոսելով ԲՀԿ-ի քաղաքականությունից, պարոն Արշակյանը նկատեց. «Մի բանասեր մարդ չկա՞ր ԲՀԿ-ում, որ հնչեղ անուն դնեին կուսակցությանը: Այսօր կարծիք են հարցնում նրանցից, ասում են՝ չունեմ: Մի անգամ հայկական ռադիոյին հարցնում են՝ վաղը եղանակն ինչպիսի՞ն կլինի, ասում է՝ կասեմ վաղը չէ մյուս օրը: Նույն բանն է»: Վահան Արծրունին իր կողմից նկատեց՝ եթե դուրս գանք ու պատահական անցորդից հարցնենք՝ դու երջանի՞կ ես քո երկրում, դա արդեն կբնութագրի մեր վիճակը. «Եթե համակարգված չէ կյանքը պետության ներսում, ստանում ենք այնպիսի մի հարմար տարբերակ իշխանության մեջ ինքնադրսեւորվելու ու սեփական շահը պաշտպանելու, առաջ տանելու, որը դառնում է անտեսանելի: Հիմա ունեցվածքի վերաբաշխում է կոնկրետ ՀՀԿ-ԲՀԿ հակասության պարագայում, ու հիմա ֆիզիկական, թե քաղաքական իմաստով կվերցվեն դաշտից, դա էական չէ: Մենք շուտով կտեսնենք՝ ինչպես Ծառուկյանի ունեցվածքը կվերաբաշխվի ու մարդկանց մի կուսակցությունից կբերեն այլ կուսակցության հարթակ, քանի որ դա այս համակարգին բնորոշ է»: Ըստ նրա՝ նման իրավիճակներում միշտ ի հայտ է գալիս երրորդ ուժը, անսպասելի լիդեր է ծնվում. «Եթե դա տեղի չունենա, որոշ ժամանակ այդ վերաբաշխումը կշարունակվի: Լիդերը կլինի քաղաքական դաշտից. Հասարակությունն այլեւս ի վիճակի չէ ծնել լիդերներ»: