ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 7-ից կսկսի նախապատրաստվել Աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին Անդորրայի հետ հանդիպմանը:
Հոկտեմբերի 11-ին կայանալիք այս խաղում հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականը ընտրական 1-ին խմբում վերջին 7-րդ հորիզոնականից կբարձրանա 6-րդ տեղ՝ շրջանցելով հենց Անդորրային: Նույնիսկ ոչ-ոքիի դեպքում Հայաստանի ընտրանին կեզրափակի մրցաշարային աղյուսակը, ինչը տխուր արդյունք կլինի հայկական ֆուտբոլի համար:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանը հավաքի է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին` դարպասապահներ Ռոման Բերեզովսկի, Գեւորգ Կասպարով, Արմեն Համբարձումյան, պաշտպաններ Կարեն Դոխոյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Եղիշե Մելիքյան, Ռոբերտ Արզումանյան, Աղվան Մկրտչյան, Վալերի Ալեքսանյան, Արտաշ Բաղդասարյան, կիսապաշտպաններ Համլետ Մխիթարյան, Կարեն Ալեքսանյան, Ռոմիկ Խաչատրյան, Սամվել Մելքոնյան, Արմեն Տիգրանյան, Արթուր Ոսկանյան, հարձակվողներ Էդգար Մանուչարյան, Արա Հակոբյան, Արամ Հակոբյան, Արամ Ոսկանյան, Արտավազդ Քարամյան:
Հավաքի է հրավիրված նաեւ Գալուստ Պետրոսյանը, որը սակայն վնասվածք ունի եւ հնարավոր է չժամանի Երեւան: Վնասվածքի պատճառով հնարավոր է հավաքին չկարողանա մասնակցել նաեւ Ռոման Բերեզովսկին:
Հայաստանի եւ Անդորրայի հավաքականները մինչ այժմ հանդիպել են 4 անգամ: Բոլոր խաղերում էլ Հայաստանը հաղթանակ է տոնել, որոնցից մեկում ՝ 2001թ. հոկտեմբերին հյուրընկալվելիս պարտության է մատնել անդորրացիներին խոշոր 3:0 հաշվով: Իսկ ընթացիկ ընտրական փուլում Անդորրան Երեւանում զիջել է մեր հավաքականին 1:2 հաշվով:
ԱՐՈՆՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Ստեփանակերի շախմատի մրցաշարի 3-րդ տուրի կենտրոնական խաղում մրցեցին ուկրաինացի եւ հայ գրոսմայստերներ Վասիլի Իվանչուկը ու Լեւոն Արոնյանը: Սեւերով հանդես եկող Արոնյանը 40-րդ քայլին անձնատուր եղավ` կրելով իր առաջին պարտությունը, իսկ ահա Իվանչուկը առաջին հաղթանակը տոնեց:
Առաջատար Աշոտ Անաստասյանը ոչ-ոքի խաղաց Բոլոգանի հետ եւ հնարավորություն տվեց չինացի Բուին միավորներով հավասարվել իրենց: Բուն այս տուրում հաղթեց Դրեեւին եւ 2.5-ական միավորով Անաստասյանի հետ միասին գլխավորում է Ա խմբի աղյուսակը: Հետաքրքիր հանդիպում կայացավ Հոլանդիան ներկայացնող Իվան Սոկոլովի եւ Կարեն Ասրյանի միջեւ: Չնայած հայ գրոսմայստերը առավելություն ուներ, սակայն 106-րդ քայլին խաղաղ ելք գրանցվեց այս պարտիայում:
Իսկ ահա Բ խմբում հաջող է հանդես գալիս Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Գրիգորյանցը, որը այս տուրում հաղթեց Լահնոյին, իսկ Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Սվեշնիկովի հետ: Բենիամին Գալստյանը պարտության մատնեց Լոպեսին: 3-րդ տուրից հետո այստեղ մրցաշարային աղյուսակը 2.5 միավորով գլխավորում է Գրիգորյանցը, իսկ Պետրոսյանը, Սվեշնիկովը եւ Լ՝Ամին իրենց ակտիվում ունեն 2-ական միավոր: