Չի բացառվում, որ դադարեցվի Գ. Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացը (տեսանյութ)
«ՄԵդիա կենտրոն»-ում «Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները» թեմայով քննարկում է: ԱԺ 6-րդ նստաշրջանի ամենաշատ բացակայած պատգամավորը Գագիկ Ծառուկյանն է, իսկ ամենաակտիվ պատգամավորը` Արծվիկ Մինասյանը. այս մասին հայտնեց ԱԺ մոնիտորինգի ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը։ Տվյալները մանրամասնորեն տեղադրված են parliamentmonitoring.am կայքում։ Ըստ կայքի վերլուծության՝ «Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ի իր ելույթում խոսել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի բացակայությունների մասին, բայց սա դարձավ առիթ, որ հրապարակվեն ԱԺ 6-րդ նստաշրջանի քվեարկությունների կեսից ավելիից բացակայած բոլոր պատգամավորների անունները: Նրանք 15-ն են, 12-ը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Այս 12-ից 5-ը արդեն նախկին ԲՀԿ-ականներ են. մինչ Ազգային ժողովի նախագահն ու աշխատակազմը Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու ուղիներն էին փնտրում, ԲՀԿ խմբակցության 5 գործարար պատգամավորներ, ովքեր նաեւ ամենաշատ բացակայածների ցուցակում էին, լքեցին ԲՀԿ խմբակցությունն ու կուսակցությունը, իսկ նրանցից մեկը՝ Մելիք Մանուկյանը, հայտարարեց ընդհանրապես պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Ուշագրավ է, որ այս ամբողջ պատմությանը զուգահեռ տեղի ունեցավ նաև Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, ու չի բացառվում, որ դրա արդյունքում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դադարեցնի Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացը, մինչդեռ ամբողջ պատմությունը սկիզբ էր առել հատկապես նրան մանդատից զրկելու նպատակով»: