«Մի օր կպարզվի, որ ամեն ինչ սարքեց Ռոբերտ Քոչարյանը». հարցում (տեսանյութ)
Սերժ Սարգսյանի կոշտ գնահատականներից հետո արդյո՞ք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պետք է հանդիպեր նրա հետ։ «Ա1+»-ի հարցման մասնակիցների կարծիքները միանշանակ չեն։ «Պետք էր այդ հանդիպումը, որովհետև մեր ժողովուրդը պատրաստվում է Ցեղասպանության 100- ամյակին, կարելի է այս խաղաղ վիճակը պահել, մինչև տեսնենք՝ ինչ է սպասվում»։ «Ես չեմ կարծում, որ բեմադրված էր, չեմ կարող ասել, բայց արյունահեղությունից , ծայրահեղ միջոցներից խուսափելու համար ճիշտ քայլ էր»։ «Ես չեմ կարծում, որ դա իրոք կարելի է հաշտություն համարել, որովհետև ամբողջ փակագծերը բացված ա, ու ժողովուրդը չի կարող գնահատել դա դրական»։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարել է, որ թե իշխանության, թե ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով։ Այս կապակցությամբ քաղաքացիները նշում են. «Ես կողմնակից եմ բարեփոխումների, մենակ մեր երկիրը լավ վիճակի մեջ լինի»։ «Մեր երկիրը շատ փխրուն երկիր ա դարձել, և մի փոքրիկ լարված իրավիճակը կարող է պայթյունի բերել»։ «Գագիկ Ծառուկյանի ու իրա համակիրների հետևից ընկնելը շատ վատ բանա մեր երկրի համար»։ Մեր համաքաղաքացիները չեն բացառում, որ ԲՀԿ-ՀՀԿ հարաբերությունների սրման մեջ իր դերակատարումն ունի Ռոբերտ Քոչարյանը։ «Կբացվի մի օր, որ էս սաղ սարքելա Ռոբերտ Քոչարյանը, իշխանության վերադառնալու համար՝ ինչ-որ մի ձևով»։ ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը: Անկախ զարգացումներից՝ հարցման մասնակիցները Հայաստանում իշխանափոխությունը համարում են օրակարգային խնդիր։ Լրագրողները ԲՀԿ խոսնակից հետաքրքրվել են, արդյոք հանրահավաքները չեղյալ հայտարարելը չի՞ նշանակում, թե ԲՀԿ-ն նահանջում է, ինչին ի պատասխան Տիգրան Ուրիխանյանն ասել է. «Եթե որեւէ մեկը մտածում է, որ ՀՀ-ում մեկ օրվա մեջ վերացավ արտագաղթը, տնտեսական զարգացման տեմպերի դրական դինամիկա կա, որ մարդկանց որակը փոխվեց՝ սխալվում են, ոչինչ չի փոխվել: Որեւէ մեկը դրանում թող չվարանի, չկասկածի: Չգնալ արյուն թափելու ճանապարհով՝ չի նշանակում դադարեցնել պայքարը: Կան մարդիկ, ովքեր կփորձեն շուռ տալ իրավիճակը, բայց դա այդպես չէ»: Մանրամասները՝ տեսանյութում։