Ի՞նչ կարող է ԵՄ-ն տալ Հայաստանին (տեսանյութ)
Հայաստան- Եվրամիություն հարաբերություններից ակնկալել բացառապես քաղաքական փաթեթավորում, սխալ է, քանի որ դա հիասթափություններ է բերում։ Համոզված է ՀՀ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը, ով, ի դեպ, այսօր «ԵՄ-Հայաստան հարաբերություններ. նոր ուղիների ուրվագծում» թեմայով քննարկմանը ներկա էր, որպես ՀՀԿ փոխնախագահ. «Հայաստանը պետք է հստակ եւ ազնիվ օրակարգ կարողանա ձեւավորել ու չդիտարկի հարցն այն տեսանկյունից, որ եթե չկա ստորագրված փաստաթուղթ, ապա չկան նաեւ հարաբերություններ»։ Արմեն Աշոտյանը միեւնույն ժամանակ հիշեցնում է, որ ԵՄ-ի հետ քայլ կատարած երկրները`Վրաստան, Ուկրաինա, այս պահի դրությամբ չեն լուծել իրենց առջեւ դրված խնդիրները. «Արեւելյան գործընկերության իրական գնահատականների մասին խոսելիս պետք է հասկանալ, որ այն չի կարող մեր երկիրը դարձնել աշխարհաքաղաքական խնդիրների հարթակ»։ Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարը Արմեն Աշոտյանը չորս հարթության մեջ է տեսնում` տնտեսական, հասարակաքաղաքական, անվտանգության համակարգը. «Ես տեսնում եմ հեռանկար`կառուցել եվրոպական պետություն, եվրասիական տարածքում, եթե մենք հավատում ենք այն արժեքներին ու մոտեցումներին, որոնց մասին խոսում էինք։ Եթե ասում ենք եվրոպական երկիր ու պատկերացնում ենք, որ այդ երկրի նախագահական նստավայրի վրա պետք է ծածանվի ԵՄ-ի դրոշը՝ ինքներս մեզ խաբում ենք: Եթե մարդու իրավունքների հարցը, անկախ շուկան ու դատաիրավական համակարգը մեզ համար կարեւոր են, ապա անենք` առանց ԵՄ անդամության»