Ընտրողականություն է գործելու` հաշվի առնելով ԵՏՄ տրամաբանությունը
ՀԿ-ների մասին օրենքի նախագիծը դեռ 2014-ին մշակվել ու ներկայացվել է հանրությանը։ Այժմ հանրային քննարկումներ են ընթանում օրենքի շուրջ, քանի որ ՀԿ-ները իրենց մտահոգություններն են բարձրաձայնել այս օրենքի վերաբերյալ: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի խոսքերով՝ բազմաթիվ մտահոգություններ օրենքի նախագծում դեռ կան։ «Սահմանափակվում է այն գործունեության շրջանակը, որ կարելի է իրականացնել: Դժվար է միշտ որոշել` արդյոք ձեռնարկատիրական գործունեությունը ամբողջությամբ համապատասխանում է նրա կանոնադրական նպատակներին, երբ չկան համապատասխանության չափորոշիչներ»,- այսօր Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ նշեց նա՝ ավելացնելով, որ այս դեպքում պետական մարմինը ունի լայն վերահսկողություն։ «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի ծրագրի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը նշեց, որ կան շատ լծակներ եւ պետությունը կարող է միջամտել ՀԿ-ների գործունեությանը։ «Օրենսդրական փոփոխությունները նույնպես մտավախություններ կարող են առաջացնել, ինչպես մեր երկրում ընդունված է, նույնպես ընտրողականություն է գործելու` հաշվի առնելով ԵՏՄ-ական տրամաբանությունը, օրինակ ՌԴ օրինակը, որը վարակիչ է»։