Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոստիկանությունը սպասարկում է ամբողջ ավազակապետությանը» (տեսանյութ)

Քաղաքականություն
ohanjanyan1-472x2651

Առաջին անգամ չէ, երբ ոստիկանները կոպիտ վերաբերմունք են ցուցաբերում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերի նկատմամբ: Փետրվարի 11-ինը հերթականն էր։ «Երեք տարի առաջ իմ տղայի նկարը ոստիկանը վերցրեց, ձեռքիս հարվածեց, ձեռքիցս նկարը խլեց, ճմռթեց, քցեց, ծառայողական քննություն տարան, և ասեցին, որ չի երևում՝ ոնց ա ձեռքիցդ ճմռթում վերցնում, փաստորեն ասեցի, որ եթե լրագրողը չի ֆիքսել էդ պահը, ուրեմն չի արել, նույնը անցյալ տարվա մեջ էլ ոստիկանը թևս ճաղերի մոտ ոլորեց, հանցագործներին նույնիսկ տենց չեն վարվում, թևս ոլորեց ու ինձ քաշքշելով գցեցին գետնին»,- մեզ հետ զրույցում շեշտում է զոհված զինծառայողի մայր Նանա Մուրադյանը։ Որդեկորույս մայրերը Սերժ Սարգսյանից հանդիպում էին պահանջում, երբ ոստիկանները բռնի ուժ կիրառեցին։ Ծնողները մեղադրում են բարձրագույն իշխանությանը։ Ոստիկանությունը չէր կարող գործել առանց իշխանությունների հրահանգի։ «Ամոթ է նույնիսկ նրանց ոստիկան ասելը ՝ որ համազգեստ են կրում, նրանց պետք է ասել իշխանության գործիք, որովհետև էսօր նրանք սպասարկում են ամբողջ ավազակապետությանը»,-ասում է զոհված զինվորի հայր՝ Հովսեփ Մուրադյանը, ով նույնպես փետրվարի 11-ին գտնվել է Բաղրամյան 26-ում։ Իրավապաշտպանները հիշեցնում են՝ խաղաղ ակցիաներին միջամտելը հակասում է միջազգային բոլոր նորմերին։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքերով՝ պատկան մարմինները ոչ միայն չեն վշտակցում որդեկորույս մայրերին, ոչ միայն չեն պատասխանում նրանց նամակներին, այլև նման կոպիտ վերաբերմունք են ցուցաբերում այդ կանանց նկատմամբ, ինչը մեր պետության, մեր հասարակության ամոթն է։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանն էլ իր հերթին նշում է. «Արդյո՞ք իրավաչափ է փողոցի մի ծայրից մյուս ծայրը մարդկանց քարշ տալով տեղափոխելը։ Էստեղ որևէ ձևով, ոչ մի օրենսդրական կարգավորմամբ ոստիկանությունը չի կարող իր գործողությունները արդարեցնել, հիմնավորել»։ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպի առիթով ոստիկանությունում նշանակվել է ծառայողական քննություն: Մանրամասները՝ տեսանյութում։