Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆարմանյանը Փոստանջյանին կոչ արեց իր նախագիծն ուղարկել Րաֆֆի Հովհաննիսյանի հորը (տեսանյութ)

Քաղաքականություն
649ca79d3a65f778120b43041580cb67

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր քննարկվեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոտանջյանի և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի երկու առանձին նախագծերը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանությունների վերաբերյալ։ Զարուհի Փոստանջյանը պնդում էր, որ մինչ այս եղած դատապարտող նախագծերում չկա նշված եզդիների Ցեղասպանության մասին, և պահանջում էր ներառել նաև դա։ Սա վիճաբանություն, փոխադարձ մեղադրանքների և վիրավորանքների տեղիք տվեց հանրապետական պատգամավորների կողմից։ Պարոն Շարմազանովը հիմնավորելով իր նախագիծը՝ հայտարարեց, որ տիկին Փոստանջյանը չի նշել կոնկրետ ժամանակահատված, երբ է տեղի ունեցել եզդիների Ցեղասպանություն, և բացի այդ, եզդի համայնքին խոստացել էր Ցեղասպանության մասին իրեն ներկայացնել փաստեր, ինչը չի եղել։ Հարակից զեկուցող ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Զարուհի Փոստանջյանին կոչ արեց իր ներկայացրած նախագիծը ուղարկել Րաֆֆի Հովհաննիսյանի հորը՝ Ռիչարդ Հովհաննիսյանին, որը պատմագիտորեն կտա իր եզրակացությունը՝ արդյոք որքանով է հիմնավոր Զարուհի Փոստանջյանի նախագիծը։ Քննարկմանը ներկա էին նաև եզդի համայնքի ներկայացուցիչներ։ Նրանք սկսեցին տեղից ընդվզել՝ պաշտպանելով Զարուհի Փոստանջյանի նախագիծը՝ ձեռքներին ունենալով «Ամոթ» վերտառությամբ ցուցապաստառներ։ Եզդիները քննարկման կեսից լքեցին դահլիճը՝ կոչ անելով հանրապետական պատգամավորներին հարգել եզդի ժողովրդի պատմությունը և նոր քննարկումներ սկսել իրենց հետ։ Զարուհի Փոստանջյանի նախագիծը դրվեց քվեարկության և բացասական եզրակացությամբ մերժվեց։ Քվեարկությունից հետո Զարուհի Փոստանջյանը լքեց դահլիճը, որից հետո հանձնաժողովը սկսեց քննարկել Էդուարդ Շարմազանովի նախագիծը։ Պարոն Շարմազանովը հայտարարեց, որ եթե իրոք եղել է եզդիների ցեղասպանություն, ապա դա պետք է առանձին բանաձևով ներկայացվի, քանի որ առկա բանաձևը վերաբերում է Օսմանյան կայսրությունում 1914-ից 1923թվականներին հայերի, ասորիների, Պոնտոսի և Փոքր Արևելքի հույների Ցեղասպանություններին։ Ըստ նրա՝ այս մասին են վկայում նաև միջազգային ընդունված մի շարք կոնվենցիաներ։ Նրա նախագիծը դրական եզրակացությամբ ընդունվեց։